Համաժողովրդական շարժման ընթացքում կարմիրբերետավորների կողմից ցուցարարների մեքենան ջարդուփշուր անելու դեպքին ընթացք է տրվել:
Մեր զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ մեր կողմից մատնանշված դեպքը որպես առանձին դրվագ, քննության առարկա է ՀՀ ՀՔԾ վարույթում քննվող՝ ՀՀ քր. օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասով (լրագրողի մասագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը՝ որը կատարվել է վտանգավոր բռնություն գործադրելով), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հարուցված քրեական գործի շրջանակում:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կարմիրբերետավորները մահակներով, ոտքերով հարվածել ու ջարդուփշուր էին արել Աբովյան փողոցում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիական մեքենային, ապա բերմա ենթարկել մեքենայի վարորդին:
Բացի վերը նշվածից ընթացք է տրվել նաեւ այն դեպքին, երբ ապրիլի 22-ին Հանրապետության հրապարակից բերման ենթարկելիս կարմիրբերետավորը փորձում էր կոտրել ցուցարարի ոտքը: ՀՔԾ մամուլի խոսակ Մարինա Օհանջանյանը մեր զրույցում ասաց, որ այս դեպքը որպես առանձին դրվագ քննվում է ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում, կատարվում է նախաքննություն:
Երկու դեպքերով էլ, սակայն, ձերբակալվածներ չկան: Մեր տեղեկություններով, կարմիբերետավորերին ամենաբարձր մակարդակով հստակ հրաման էր տրվել այդ օրերին ջարդել քաղաքացիների մեքենաները: Այնուամենայնիվ, եթե այս գործը հանցակազմի հիմքով չկարճվի, ապա ինչպես միշտ պատասխանատվության կենթարկվեն ոչ թե հրաման տվող բարձրաստիճան ոստիկանները, այլ՝ շարքային հրաման կատարող ոստիկանները: