ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՍ Ո՞ՐՆ Է, ԳԵՆԵՐԱԼ․․․
Ուշադրություն դարձնենք այս խոսքերի վրա, որ Սեյրան Սարոյանն ասել է Ազգային ժողովում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
 
Դիտարկմանը, որ պաշտոնանկությունից հետո Ս.Օհանյանը խիստ ընդդիմադիր գործունեություն ծավալեց, Ս.Սարոյանը պատասխանել է.
 
«Գործից հանես, սաղ էլ ընդդիմություն են»։
 
Իրականում դա այդպես է։ Ո՞ւմ ոտքն են տրորում, որ ձայն չի հանում։ Բայց եկեք հագուստի աստառն էլ նայենք։ Սեյրան Սարոյանի ասածը ճիշտ է, բայց հիմա այդ ճշտին մարդիկ չեն հավատում։ Իսկ թե ինչու չեն հավատում, այլ թեմա է։
 
Պաշտոնից ազատված պաշտոնյաները երկու խմբի են բաժանվում․ մի խումբը դառնում է հեզ գառ, մյուս խումբն էլ ՝ ընդդիմադիր։
 
Շատ պաշտոնյաներ, ովքեր ազատվում են աշխատանքից, սուսուփուս մի կողմ են քաշվում, ձայն- ծպտուն չեն հանում։ Ինչու՞ նրանք ընդդիմություն չեն դառնում։ Ինչու՞ խոնարհ գառի կարգավիճակն են ընտրում։ Ինչ որ բանի սպասում են, այլ պատասխան չկա։ Հանգիստ սպասում՝ մինչև նոր տեղ զբաղեցնեն։ Ու վատն այն է, որ տարիներ շարունակ մարդկանց թալանով զբաղված պաշտոնյան, երբ ազատվում է պաշտոնից, ոչ մեկի սրտում արդարության կայծ չի բռնկվում։ Հույս չի արթնանում, թե ինչ որ բան կփոխվի, ընդհակառակը ասում են, փախցրին, որ մարսի, մի քիչ անցնի, ավելի լավ տեղ կտանեն․․․
 
Պաշտոնյաների մի մասն էլ, երբ ազատվում է աշխատանքից, ընդդիմադիր է դառնում։ Ցավոք, այդ ընդդիմադիրներին էլ մարդիկ չեն հավատում։ Որովհետև «Թալանչիին, որ ազատում են աշխատանքից», գոնե մի նախազգուշացում պիտի արվի։ Նա շարունակում է առաջվա ճոխությամբ ապրել, վայելել ու․․․ ընդդիմանալ․․․
 
Մնում է Սեյրանին հարցնել՝ նախկին պաշտոնյայի ընդդիմադիր լինելս ո՞րն է գեներալ․․․ Դուք օրինակ հավատու՞մ եք, անուններ չտամ, որ նախկին մեր պաշտոնյաներից մեկը ընդդիմադիր է։
 
Հաստատ՝ դուք էլ չեք հավատում․․․ Հեքիաթի Հարուն Ալ Ռաշիդ թագավորի նման մի քանի օր աղքատի շորեր են հագնում ու մտնում ժողովրդի մեջ՝ «իմանան նրա բերնի գոլը»։
 
ՀԳ Հայաստանում ընդդիմադիր լինելն էլ է հաստիք։ Եթե նրանց մեջ իրական ընդդիմադիր էլ լինի, վայը եկել, նրան տարել է․ նրան էլ չեն հավատա։ Սա է իրական վիճակը։
 
Հասմիկ Բաբաջանյան