Մամուլում լուրեր են շրջանառվում, թե ոստիկանապետի առաջին տեղակալ կարող է նշանակվել Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Վալերի Օսիպյանը տարիներ ի վեր եղել է նրա տեղակալը, նրանք մտերիմ հարաբերություններ ունեն: Փորձեցինք Աշոտ Կարապետյանից ճշտել շրջանառվող լուրերի իսկությունը: «Նման քննարկում չի եղել, ես, որպես զինվորական, միշտ պատրաստ եմ ծառայել ժողովրդին, պայքարել հանցավորության դեմ»: Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող նրա հետ կապված պատմություններին՝ Գրիշա Վիրաբյանի, Սեւանի «Հարսնաքար» ռեստորանի աշխատակից Նատաշա Ոսկանյանի բողոքներին, Երեւանի նախկին ոստիկանապետը պարզաբանեց, որ երկուսի մասով քննություն է եղել, քրեական գործի հարուցումը մերժվել է:
 
«Գրիշա Վիրաբյանի գործով նախաքննությունն ավարտվել է, ինչպես իմ, այնպես էլ տասնյակից ավելի ոստիկանների մասով մեղադրանքը կարճվել է հանցակազմի բացակայությամբ, իսկ երկու ոստիկանի մասով գործն ուղարկվել է դատարան: Իսկ ավելի քան 20 տարվա վաղեմություն ունեցող «Հարսնաքարի» գործով էլ նշեմ, որ սպանության բացահայտման շրջանակներում աշխատանքներ են իրականացվել, եթե եղել են ինչ-որ կտտանքների մասին ահազանգեր, այդ մասով եւս քննությունը ժամանակին կարճվել է։ Հանցագործության բացահայտման ընթացքում կլինեն մարդիկ, ովքեր դժգոհություն կհայտնեն, այս ամենին ես ըմբռնումով եմ մոտենում:
 
Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են մշտապես հենց այդ երկու կարճված, վաղեմությունն անցած պատմությունները հիշում, ինչո՞ւ չեն հիշում, որ քրեական գլխավոր վարչության պետ աշխատած տարիներին լուրջ, առանձնապես ծանր հանցագործության դեպքեր եմ բացահայտել՝ բանդայի գործը, չթվարկեմ մնացածը, Երեւանի ոստիկանապետ դառնալուց հետո այնպիսի դեպք եմ բացահայտել, երբ անմեղ մարդն ամիսներ շարունակ անազատության մեջ էր, իսկ ես իրական մեղավորին գտա, այժմ նա պատիժը կրում է եւ այլն։ Կարո՞ղ եմ եզրակացնել, որ պարբերաբար մամուլում շրջանառության մեջ դրվող այս երկու պատմություններն ուղղորդված են»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե ում է կասկածում նման ուղղորդումների մեջ: Երեւանի նախկին ոստիկանապետից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությանը։ Նա նշեց, որ որեւէ կերպ չի մեկնաբանում: Նշենք, որ Աշոտ Կարապետյանը 1 տարի 8 ամիս է՝ կադրերի ռեզերվում է:
 
 
Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում