Ինչպես հայտնի է` մայիսի 8-ի ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը ՀՀԿ խմբակցությունից կողմ քվեարկեց 13 պատգամավոր: Նրանցից մեկն էլ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ջավախահայերի «Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանն էր, որի կողմ քվեարկելն անսպասելի է եղել առաջին հերթին հենց Հանրապետականի համար: Այս առնչությամբ մայիսի 10-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է. «Շիրակ Թորոսյանը, որը ոչ միայն հաստատել էր իր դեմ քվեարկելը, նաեւ քվեարկությունից ընդամենը րոպեներ առաջ նորից ճշտում է կատարվել, որ ինքը հավատարիմ է քաղաքական որոշմանը: Դա հանկարծակի էր, եւ դա քաղաքական գործչի քայլ չէր»: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ` պարզելու նրա տեսակետը մայիսի 8-ին կատարած քայլի եւ դրանից հետո Հանրապետական խմբակցության ղեկավարի հայտարարության շուրջ: -Պարո՛ն Թորոսյան, մայիսի 8-ին Ձեր կողմից Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելը նախատեսված չէր: Եվ բոլորի համար անսպասելի էր Ձեր քվեարկությունը: -Ես քվեարկել եմ իմ խղճի մտոք եւ իմ ցանկությամբ: Դա իմ անձնական որոշումն է եղել, որը հիմնված է եղել «Ջավախք» հայրենակցական միության իմ թիմի, իմ ընտրողների, ջավախահայերի ցանկության վրա: Նրանց մեծամասնության ցանկությունն է դա եղել: Եվ նաեւ ինձ ճանաչող մարդկանց տեսակետների հիման վրա է եղել այդ որոշումը: -Խմբակցությունում նախապես քննարկում եղել է այդ մասին: Դուք հայտնե՞լ եք, որ ցանկություն ունեք կողմ քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը: -Ոչ: Նման քննարկում չի եղել: Էլի եմ կրկնում` ես քվեարկել եմ իմ ցանկությամբ: -ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ պետք է քննարկել քաղաքական որոշումից շեղված պատգամավորների հարցը: Եվ նա շեշտել է հենց Ձեր անունը` ասելով, որ Ձեր կողմ քվեարկելը խմբակցությանը հայտնի չի եղել: Հիմա հնարավո՞ր է` Ձեզ խմբակցությունից հանեն, մանդատը վայր դնելու պահանջ Ձեզ ներկայացվի: -Ինձ չեն կարող խմբակցությունից հանել: Իմ պատգամավորական մանդատն ինձ իմ ընտրազանգվածն է տվել: Ու ես տրամադրված չեմ այժմ խմբակցությունից դուրս գալու: Եվ ասեմ նաեւ, որ ես շարունակելու եմ նման ձեւով որոշումներ կայացնել: