Դժվար չէ, փառք Աստծո, հնարավորությունը կա, որոնել ու գտնել նրանց, ովքեր մինչև Նիկոլի շրջանը ինչ էին գրում ու հիմա ինչ մի հեղափոխական են դարձել։ Նրանցի մեջ մտնում են և՛ լրագրողները, և՛ քաղաքական գործիչները, և՛ արվեստագետները, և՛ շարքային գրառողները։
 
Բարձր գոռալով, ժողովրդի անունից հոխորտալով չի, որ պիտի մաքրես քո անցած մրոտ ուղին և դիմացինի անցած ճանապարհն ապականես։ Գործ է պետք, վկայություն, իսկ ֆեյսբուքը, փառք Աստծո, բոլորի արխիվը պահում է։
 
Միայն մի փոքրիկ օրինակ բերեմ։ Թեման, որ ես հազար անգամ բարձրաձայնել եմ, եղել է ամենացավոտ թեման։ Բարձրաձայնել եմ կոշտ, խնդրանքով, առաջարկությամբ, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Ոչ ոք ասելով նկատի ունեմ նախկին իշխանություններին։ Բանակում չծառայածների հարցն է եղել, ովքեր զբաղեցրել են բարձր պաշտոններ, ստացել մարտական շքանշաններ ու խոսել ամենաբարձրը։ Մարդիկ արձագանքում էին բարկությամբ, անկեղծ մտահոգությամբ ու գիտե՜ք ինչ բառեր էին գրում բանակում չծառայած բարձր պաշտոնյաների մասին։ Անուններ էին շրջանառվում՝անգամ մինչև պաշտպանության նախարարը ու մի թեժ մեծ լսարան էր ստացվում։ Ու թեև այդ հարցին իշխանությունը չէր անդրադառնում, բայց մարդիկ (ժողովուրդ բառը ոչ ոք իրավունք չունի շահարկելու, դա ամենաէժան քաղտեխնոլոգիան է) տալիս էին իրենց գնահատականը։ Մի պաշտոնյայի որդի, որ բանակում ծառայած չէր լինում, գոռում էին՝ ձայնդ կտրի, դու խոսելու իրավունք չունես․․․ Օգտագործում եմ ամենամեղմ արտահայտությունը՝ հոդվածները կան, գրառումները նույնպես։
 
Մտածում էի , որ հաջորդ իշխանության համար դաս կլինի դա։
 
Այսօր նույնն է։ Գուցե շատերը փոխվել, սիրամարգի փետուրներ են հագել ու հմայվել են նոր ջահել կադրերով, բայց ես չեմ փոխվել, նույն հարցն եմ բարձրացնում՝ ինչու՞ եք բարձր պաշտոններ վստահում բանակում չծառայածներին։ Հանկարծ չասեք՝ ժամանակավոր կառավարություն է․ ավելի վատ, ժամանակավորը ավելի լավ օրինակ պիտի ցույց տա, որ մշտականի տեղն ապահովի։
 
Հարցը բարձրացնում եմ նրա համար, որ տեսնեմ՝ մարդիկ էլի նույն արժեքնե՞րն են դավանում, թե՞ իրենց այդ հարցը չենք կարող տալ, թե այդ հարցն արդեն փակված է։ Թե՞ բանակում չծառայելու համար կարելի էր քննադատել միայն նախկին իշխանավորներին։ Նորը նայենք․
 
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ-ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
 
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ- ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
 
ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
 
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ- ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
 
ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ-ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
 
Հիմա գրառումներում արդարացնում են բանակում չծառայածներին, մեկն էլ գրում է՝ Սասունը կռվել, բոլորի տեղը հանել է։
 
Գրքերիցս մեկը, որ տպագրվում էր, Սասունն է օժանդակել։ Ասում էր՝ իմ վիրաբույժի մասին է, ինչպե՞ս կարող եմ չօգնել։ Հետո նույն այդ վիրաբույժի՝ Յուրա Հովակիմյանի հետ Հրազդանի իրենց գյուղում եղբոր թաղմանն էինք մասնակցում։ Սասունը բանտում էր, եկավ՝ ոստիկանների ուղեկցությամբ․․․
 
Հիմա կուզեի հարցնել՝ Սասուն, գո՞հ ես հիմա։ Միայն անկեղծ։ Գո՞հ ես, որ հիմա մարդիկ գրում են՝ պարտադիր չէ, որ նրանք էլ բանակում ծառայած լինեն։ Գո՞հ է իր մարմնում մինչև հիմա հարյուրից ավել «ասկոլկա ունեցող» հերոսը՝ է "Չյորնի Ծյուլպանը", ում ազատության համար պայքարում էի․․․
 
Հիշիր, նույն մարդիկ վաղը հենց այդ պաշտոնյաների վրա են «ղժժալու» ու չեն կարողանալու աթոռներից պոկել։
 
Մենք ենք փչացնում իշխանությունը հենց էն գլխից։ Մի դեպքում գոռում էինք, որ պաշտոնյաները չեն ծառայել բանակում, խուսափել են, մյուս դեպքում հանդուրժողականությամբ ընտրում ենք պաշտոնյաների, որ հետո, մի քանի ամիս հետո գոռանք՝ ինչու՞ չեք դուք ծառայել բանակում։ Մենք ենք երես տալիս։ Չասեք՝ թե հետո կարվի, հետո ուշ կլինի։ Հիմքը ոնց գցում ես, այնպես էլ գնում է․․․
 
ՀԳ Խնդրում եմ ժողովրդի անունից գոռացողներ չլինեն, որովհետև ես էլ եմ ժողովուրդ։
 
Հասմիկ Բաբաջանյան