Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ է նշանակվել այս պաշտոնին, ու նշանակումից կարճ ժամանակ անց նա արժանացավ բազմաթիվ քննադատությունների՝ նախկինում կատարած իր հայտարարությունների մասին: Այսօր Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով պատասխանեց իր հասցեին հնչած քննադատություններին: Թորոսյանը նախ ասաց, որ խորհուրդներ են եղել փակել հաշիվը սոցիալական ցանցում, ինչը Թորոսյանը սխալ է համարում, քանի որ, ինչպես ինքն ասած՝ եթե փակեն էլ, իր գրառումները շատերն արդեն պահպանած կլինեն: Թորոսյանն ասաց, որ իր բոլոր հայտարարությունները հիմնված են եղել ապացուցողական բժշկության վրա: «Մարդիկ ակնկալում են մի նախարար, որն ամորֆ է ու ոչ մի կարծիք չի կարող ունենալ, կամ այնքան զգույշ է պատասխանում, որ հանկարծ չքննադատեն»,-ասաց Թորոսյանը: Նա վստահեցրեց՝ « Ես գալիս եմ այս պաշտոնին, ունենալով բազմաթիվ հարցերի շուրջ հստակ պատկերացումներ, որոնք հիմնված են իմ գիտելիքների եւ համաշխարհային փորձի վրա: Դրանք քարացած չեն»: Արսեն Թորոսյանը պատվաստումների վերաբերյալ մշտապես իր դիրքորոշումը հայտնել է, այն դրական է եղել, այսինքն՝ նա կողմ է պատվաստումներին, անգամ երբ պապիլոմա վիրուսի դեմ Գարդասիլով պատվաստումների շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, Թորոսյանը այն կարծիքն էր, որ քննադատությունները ապացուցողական բժշկության վրա հիմնված չեն, եւ այդ պատվաստումը կարեւոր է ու անհրաժեշտ: Թորոսյանը նկատեց՝ մարդու կյանքի տեւողության երկարացման մեջ մեծ դեր են ունեցել պատվաստումները: «Կարմրուկի պատվաստման շնորհիվ 2016 թվականին առաջին անգամ կարմրուկից մահացած երեխաների թիվը ցածր է եղել 100 հազարից: Եթե լսենք հակավակցինաների դեմ մարդկանց պետք վակցինաները դադարեցնենք եւ այդ մահերը շատանան: Դրա համար, մի հատ արագի մեջ անցնեմ «սքրին շոթերին». Եթե ես մի քիչ սարկազմով էի պատասխանում մարդկանց, նաեւ ընդեղ հատվածներ բերելով մի ֆիլմից՝ փոքրիկ դագաղների մասին, ինչքան էլ մարդիկ կոնտեքստից կտրեն, կա մի պարզ ճշմարտություն՝ եթե մենք ուզում ենք փրկել մարդկային կյանքեր, մենք պետք է օգտագործենք գիտության՝ մեզ տված ամբողջ արսենալը, որի մեջ են նաեւ պատվաստումները, դրանց մեջ են նաեւ անտիբիոտիկները, նորագույն բոլոր սարքավորումները, որոնք հասանելի են ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում: Հայաստանում, ի դեպ, այդքան էլ վատ չէ վիճակը: Հետեւաբար, երբ մի օգտատեր ասում է՝ դա ֆարմկամպանիաների բիզնեսն է, մեր առողջությունը փչացնում են, ես արագ պատասխանելու համար ընդամենն այդ մեջբերումն արեցի: Այսինքն՝ ես դեմ եմ, եւ որեւէ մարդ, բժիշկ չի կարող կողմ լինել մարդու, երեխայի մահվանը: Հակառակը, այդ ամեն ինչն արվում է, որպեսզի ոչ մի երեխա չմահանա: Հիսուն տարի առաջ իմ տատիկի տաս երեխաներից երեքը մահացել են փոքր տարիքում՝ ինֆեկցիոն հիվանդությունից: Հիմա նման բաներ չեն լինում, որովհետեւ մենք հիվանդությունները կանխարգելում ենք: Հայաստանի իմունիզացիայի ծրագիրը կարելի է օրինակելի համարել ամբողջ աշխարհի համար: Հայաստանում պատվաստումների ծածկույթն այնքան բարձր է, որ նույնիսկ զարգացած երկրներում բռնկվող էպիդեմիաները Հայաստան չեն հասնում, սա հենց պատվաստումների շնորհիվ է»,-ասաց Թորսյանը: Նա անդրադարձավ նաեւ այն մեղադրանքներին, ըստ որի կարծիքներ են հնչել, թե հենց Թորոսյանը դառնա նախարար, պատվաստումները պարտադիր կդարձնի.«Նայեք՝ պատվաստումները ոչ մի երկրում պարտադիր չեն էն իմաստով, որ ոչ մեկ չի բռնում, հարկադրաբար սրսկում այդ վակցինան: Բայց որոշ երկրներում այդ պատվաստումների հարցն այնքան են խստացրել, որպեսզի այդ էպիդեմիաների դեմն առնեն: Եթե Իտալիայում հիմա ունենք կարմրուկի բռնկումներ հինգ հազարից ավելի դեպքում, Իտալիայի կառավարությունը հասկացել ա, որ չկա այլ տարբերակ, քան պատվաստումների մասը խստացնել, որպեսզի չպատվաստված երեխաները չգնան դպրոցներ եւ մանկապարտեզներ եւ չվարակեն մյուսներին, հատկապես նրանց, որոնք ունեն բժշկական հակացուցումներ պատվաստումների: Միշտ պետք է հիշել՝ պատվաստումները միայն անհատական պաշտպանության միջոց չեն, այլեւ կոլեկտիվ պաշտպանության»: Թորոսյանը վստահեցրեց՝ իր երեխաները ստանում են բոլոր պատվաստումները եւ, ինչպես ինքն ասաց՝ սովորական պոլիկլինիկաներում.«Մեկ ամսից դիֆտերիայի եւ փայտացման իմ պատվաստման ժամանակն է, եւ ես գնալու եմ ու ստանալու եմ դրանք»: Անդրադառնալով աղմուկ հանած Գարդասիլով պապիլոմա վիրուսի դեմ պատվաստմանը, Թորոսյանն ասաց.« Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ Գարդասիլն անվնաս է լիովի: Մինչ օրս գիտական որեւէ ապացույց չեմ տեսել, որն ասում է հակառակի մասին: Հայաստանում Գարդասիլով պատվաստումը հիմա էլ արվում է, մի քանի հարյուր երեխա պատվաստվել է եւ որեւէ մեկի մոտ բարդություն չի եղել: Ես ինքս իմ աղջկան պատրաստվում եմ պատվաստել տարիքը հասնելու ժամանակ: Այս ծրագիրը նախկին կառավարության ժամանակ է ներդրվել եւ ես կապ չունենալով այդ կառավարության հետ, պաշտպանել եմ»: Թորոսյանն ասաց, որ պատրաստ է առողջ քննադատությունների շուրջ քննարկումներին: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/05/13/956689/ 
© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից