ՀՀԿ-ում բառիս բուն իմաստով կատաղած են Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրության հայր եւ, ինչպես իրենք են ասում, Սահմանադրության «հերն անիծած» Հրայր Թովմասյանի վրա։
 
Մեզ հետ զրույցներում ՀՀԿ-ի գաղափարական ու ինտելեկտուալ թեւի ներկայացուցիչներն ուղղակի մի կերպ են զսպում իրենց զայրույթը, որ «քաղցր» խոսքեր չասեն Հրայր Թովմասյանի հասցեին։
Նրանք արձանագրում են, որ Հրայր Թովմասյանը, փաստորեն, Սահմանադրությունը կարեց ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Նիկոլ Փաշինյանի հագով, քանզի հիմա այդ սուպերվարչապետությունը փոխանցվում է Նիկոլ Փաշինյանին։
Իսկ եթե ժամանակին նա զսպեր իր եւ Սերժ Սարգսյանի ագահությունն ու «շեֆին» հաճոյանալու համար նման «կարուձեւ» չաներ, հիմա իրենք իրենց լարած թակարդը չէին ընկնի։
Նրանք զայրացած են նաեւ, որ Թովմասյանն ու մյուս սահմանադրագետները Սահմանադրության մեջ չեն ամրագրել վարչապետին հետ կանչելու, անվստահություն հայտնելու ճկուն մեխանիզմներ՝ թողնելով միայն մի կետ, որ վարչապետին կարող են անվստահություն հայտնել ընտրվելուց առնվազն մեկ տարի անց։
Իհարկե, Թովմասյանի «հանճարն» այսքանով չի ավարտվում։ ՀՀԿ-ում արձանագրում են, որ մեր Սահմանադրությունը չունի քաղաքական ճգնաժամերը հանգուցալուծող օպտիմալ տարբերակներ, որը նաեւ ՀՀԿ-ին է այսօր վնասում։
Այսինքն՝ ի սկզբանե Թովմասյանն ու մյուս ՀՀԿ-ականներն այնքան վստահ են եղել իրենց ուժերին, որ Սերժ Սարգսյանը մնալու եւ շարունակելու է ցմահ կառավարել, որ նմանատիպ ֆորսմաժորային կամ անկանխատեսելի իրավիճակների վերաբերյալ հստակ լուծումներ չեն ամրագրել երկրի մայր օրենքում։
Ընդ որում՝ եթե Հրայր Թովմասյանը լավ ծառայություն չմատուցեց Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին, ապա նույն այդ Սահմանադրությամբ իր համար ցմահ պաշտոն ապահովագրեց՝ ՍԴ նախագահի պաշտոնը, որից միայն իր կամքով հրաժարվելու դեպքում կարող է զրկվել։
ՍԴ նախագահին հետ կանչելու որեւէ իրավական մեխանիզմ չկա։ Հիմա ՀՀԿ-ականներն ասում են՝ մի հսկա թիմից մեկ-երկուսն են անկորուստ դուրս գալու՝ մեկը Հրայր Թովմասյանն է, մյուսը՝ նրա «պապան»՝ Գագիկ Հարությունյանը, ով 70 տարեկանում էլ նոր ու անձեռնմխելի պաշտոն ստացավ։ Հիմա ՀՀԿ-ում անհամբեր սպասում են՝ այս խառը վիճակն ավարտվի, որ Հրայր Թովմասյանին կանչեն պատասխանատվության։