Մեղրեցի տնտեսվարողները բողոքում են Մեղրիում հարկային սպասարկման կետի փակման դեմ: Նրանց   բաց նամակը, որը ստորագրել են 200-ից ավելի տնտեսվարողներ ներկայացնում ենք առանց խմբագրման:
 
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Պետական եկամուտների  կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին, Պետական եկամուտների  կոմիտեի սպասարկման վարչության պետ Վախթանգ Սիսակյանին  Մեղրի խոշորացված համայնքը՝ իր երկու քաղաքներով ու տասնմեկ գյուղերով, գտնվում է յուրահատուկ աշխարհագրական տարածքում: Այն շրջափակված է լեռներով և դժվարանցանելի լեռնանցքի պատճառով քիչ այցելված շրջան է, որն առաջացնում է բազմաթիվ տնտեսական, սոցիալական և այլ խնդիրներ: Իր կարևորությամբ և նշանակությամբ առանձնահատուկ ստրատեգիական շրջան Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից բոլոր ժամանակաշրջաններում ունեցել է առանձնահատուկ մոտեցում: Զուր չէ ասված: Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քո վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիդ… Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան (Վազգեն Սարգսյան): Մեծ հեռավորությունը մայրաքաղաքից (400 կմ) և մարզկենտրոնից (80 կմ) իր հերթին նույնպես շատ խնդիրների պատճառ է հանդիսանում:
 
Ուստի քաղաքի բնակիչների համար դժվար է այս կամ այն հարցով անցնել լեռնանցքը, հասնել մարզկենտրոն կամ մայրաքաղաք: Այդ իսկ պատճառով այստեղ պետք է լինեն բոլոր հնարավորությունները և առկա սպասարկման կետերը, որոնք անհրաժեշտ ծառայություններ կմատուցեն բնակիչներին և կբավարարեն նրանց նվազագույն պահանջները: Մեղրին Հայաստանի այն քիչ բնակավայրերից է որտեղ արտագաղթի մակարդակը բավականին ցածր է, սակայն նման դեպքում, երբ չի լուծվում բնակիչների խնդիրները, շատերը ուղղակի հրաժարվում են ապրել այս պայմաններում, ինչը շատ վատ է մեր երկրի համար:   Բացի այդ, Մեղրին հեռու գտնվելու պատճառով պետք է ունենա այն բոլոր հարմարությունները, որոնք անհրաժեշտ են բնակիչներին սպասարկելու համար, քանզի շատ դեպքերում ուղղակի անհնար է կտրել նման հեռավորություն մանր հարցերի համար: Աշխատատեղեր ավելացնելու փոխարենը դրանք գնալով պակասում են, որի հետևանքով էլ տուժում է հասարակ քաղաքացին:
 
Վերջերս հենց այդպիսի խնդրի առաջ էլ կանգնեցին Մեղրի համայնքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները: Վերջիններս բողոքում են, որ անգամ ամենաչնչին հարցով հարկային սպասարկման կետին դիմել չեն կարող կետի փակման հետ կապված և դրա համար պետք է հասնեն մարզկենտրոն, ինչի հնարավորությունը և ժամանակը շատերը չունեն:  Հատկապես այն պարագայում, երբ ֆիզիկապես մարդկային ներկայությունը պարտադիր է մի շարք գործարքների իրականացման համար (դրոշմապիտակների ստացում, «հին սերնդի» հսկիչ-դրամարկղային մեքենաների հաշվառման, հաշվառումից հանման, նորոգման հետ կապված գործարքներ, դրամարկղային գրքերի հաշվառում, ֆիզիկական անձանց անհատական հաշիվների քաղվածքների տրամադրում, լիազորագրերի գրանցում և գաղտնաբառերի տրամադրում, մարտական դիրքերում աշխատող զինծառայողների հետ վարձակալության պայմանագրերի կնքում, տարբեր բնույթի տեղեկանքների ստացում և նման բազմաթիվ այլ գործարքներ): Հատկապես ձմռան ամիսներին ճանապարհների դժվարանց, նույնիսկ փակ լինելու և մարզկենտրոնից հեռու գտնվելու պատճառով բնակիչները խիստ դժվարություններ են ունենում Մեղրիից դուրս լուծման ենթակա հարցեր առաջանալիս:
 
Բնակիչները համախմբված բողոք ունեն, ուստի խնդրանքով դիմում ենք Ձեզ, որպեսզի վերանայեք կայացված որոշումը և կատարեք Մեղրի համայնքի բնակչության կամքը: Այն է. Հնարավորություն ընձեռենել հարկային ծառայություններ ստանալ և սպասարկվել Մեղրի քաղաքում: Հակառակ դեպքում կառաջանան բազում խնդիրներ և կոնֆլիկտներ: