Ազատություն TV-ի ուղիղ եթերում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը: Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, Աննա Հակոբյանը նշեց, որ ի հակառակ տարածված կարծիքների, ինքը չի թողնելու գլխավոր խմբագրի աշխատանքը, մնալու է նույն տեղում, պատրաստ են քննադատել անգամ վարչապետի աշխատանքը, եթե դրա կարիքը լինի: Նաեւ նշեց, որ թերթը բաց է բոլորի համար՝ անկախ քաղաքական պատկանելիությունից:
 
Խոսելով իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ Աննա Հակոբյանը նշեց, որ առայժմ փոխվել է միայն տունը, իրենք տեղափոխվել են, ապրում են Սերժ եւ Ռիտա Սարգսյանների ու արդեն նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ընտանիքների հարեւանությամբ:
Հարցեր հնչեցին նաեւ այն մասին, թե որպես երկրի ղեկավարի կին, կշարունակի արդյո՞ք Ռիտա Սարգսյանի նախաձեռնած բարեգործական ծրագրերը, որոնք, կարծես թե, փլուզման եզրին են: Աննա Հակոբյանը նշեց, որ որպես լրատվամիջոց նախկինում այդքան էլ չեն մանրամասնել  Ռիտա Սարգսյանի գործունեությունը, հիմա ինքը պետք է ուսումնասիրի այդ բոլոր ծրագրերն ու առաջացած խնդիրները:
Աննա Հակոբյանի ասուլիսի ժամանակ հնչող հարցերը հիմնականում ուղղված էին Նիկոլ Փաշինյանին, օգտատերերը խնդրում էին փոխանցել այս կամ այն խնդրանքը: