Վանաձորի Երևանյան խճուղու 90 հասցեում գտնվող հանրակացարանի աստիճաններ վրա նախօրին հայտնաբերվել է թիվ 309 սենյակի բնակչուհի Տատյանա Պիսարեւայի դին՝ արնաշաղախ վիճակում:
 
Բնակիչներից մեկը առավոտյան ժամը 9-ի սահմաններում, աշխատանքի գնալիս, հանրակացարանի մուտքի աստիճանների վրա հայտնաբերել է հարևանուհու՝ թիվ 309 սենյակի բնակչուհի Տատյանա Պիսարևայի արնաշաղախ դին: 34-ամյա Տատյանան 3 զավակների մայր էր: Հարևանների խոսքով՝ նա ալկոհոլի hանդեպ անտարբեր չէր: Ամուսնու մահից հետո երիտասարդ կինը հոգեկան խնդիրներ էր ձեռք բերել, բայց հասարակության համար վտանգավոր չէր:
Մեզ հայտնի դարձավ, որ Պիսարեւան մահից օրեր առաջ վիճաբանություն է ունեցել հարակից սենյակներից մեկի բնակիչների հետ, վիճաբանության արդյունքում Տատյանան ձեռքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից սակայն փախել է:
Արդեն մայիսի 13-ին առավոտյան Տատյանային հարեւանները հայտնաբերել են մահացած: Կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դատաբշկի տված նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Թե ինչից է մահացել Պիսարեւան, պարզ կդառնա դիահերձումից հետո միայն, կատարվածը դժբախտ պատահա՞ր է թե՞ սպանություն, կպարզվի քննությամբ:
Տատյանա Պիսարեւան դատարանի վճռով տարիներ առաջ զրկվել էր ծնողական իրավունքներից:
Վանաձորի հիշյալ հանրակացարանում տիրող անառողջ մթնոլորտը տարիների պատմություն ունի: Պարբերաբար կրկնվող վիճաբանություններն ու դրանց հաջորդող դանակահարությունները հանրակացարանում սովորական են դարձել: Խնդրին բազմիցս հրապարակային անդրադարձել է նաեւ Լոռու դատախազ Արսեն Մարտիրոսյանը՝ քաղաքապետարանին հանձնարարելով ուժեղացնել վերահսկողությունը, սակայն ինչպես երեւում է՝ իրավիճակը չի փոխվել: Հանրակացարանում բնակվում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք, մուրացկաններ ու անբարոյական վարքագիծ դրսեւորողներ, ինչպես նաեւ ալկոհոլի հանդեպ հակում ունեցող մի քանի անձինք, որոնց կողքին ապրում են նաեւ դրական վարքագիծ ու բնութագիր ունեցող երեխաներ:
Հանրակացարանում տիրող իրավիճակի հիմնական մեղավորն ըստ բնակիչների, հանրակացարանի պարետն է, ով ոչ մի վերահսկողություն չի իրականացնում հանրակացարանում: Խնդրին առավել հանգամանալից կանդրադառնանք առաջիկայում: