Հայաստանում ցույցերի առանցքը ներքին քաղաքականությունն էր. Մոսկվայի հետ հարաբերությունները հարցականի տակ չեն դրվել: Բացի այդ, Կրեմլը դասեր է քաղել ուկրաինական ֆիասկոյից՝ գրում է Die Presse գերմանական պարբերականի թղթակից Յուտա Զոմերբաուերը: 
 
«Կրեմլը չի սիրում իր կողքին տեսնել ժողովրդական ընդվզումներ:
 
Ավելի զարմանալի է այն փաստը, որ Պուտինը դարձավ առաջին ղեկավարը, որը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու համար, որը մի քանի շաբաթ ղեկավարել էր Հայաստանի ցույցերը: Ի՞նչ տեղի ունեցավ»,- հարցադրում է անում հոդվածագիրը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասած շարժումը կասկածի տակ չի դրել Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները:   Ընդդիմության առաջնորդ Փաշինյանը քննադատել է նեպոտիզմը, արդարադատության համակարգը, օլիգարխների և իշխանության միջև սերտ կապերը, գրում է հեղինակը: Բայց ռուսամետ կամ եվրոպամետ ուղղության միջև ընտրելու անհրաժեշտությունը կպառակտեր նրա կողմնակիցներին: Հայաստանում հնարավորինս փորձել են խուսափել հարևան ռեժիմների տապալման հետ ասոցացումից, ինչպես Վրաստանում տեղի ունեցած «վարդերի հեղափոխությունը», ուկրաինական «նարնջագույն հեղափոխությունը»: Caucasus Institute վերլուծական կենտրոնի մասնագետ Արմեն Ղազարյանի կարծիքով՝ շարժման մասնակիցները ընդգծել են դրա «տեղին բնույթը»: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Փաշինյանը շեշտը դրել է «հայամետ, ոչ թե եվրոպամետ» դիրքորոշման վրա: «Նախկինում 42-ամյա Փաշինյանը այլ հայտարարություններ է արել՝ քննադատելով գործող իշխանությանը Մոսկվային հնազանդ լինելու համար, ինչը աջակցություն է գտել առաջին հերթին նրա երիտասարդ աջակիցների կողմից»,-նկատում է լրագրողը: Հայաստանը Մոսկվայի ճնշման ներքո անդամակցել է ոչ միայն Եվրասիական տնտեսական միությանը, այլ նաև Ռուսաստանի կողմից ղեկավարվող ՀԱՊԿ-ին: Ռուսաստանը երկու ռազմաբազա ունի Հայաստանում, գրում է Զոմերբաուերը: «Երևում է՝ Կրեմլը Հայաստանի պարագայում դասեր է քաղել նախկին սխալներից: Ուկրաինայի գործերին միջամտելը՝ Ղրիմի բռնակցումը և Դոնբասի էսկալացիան, ցանկալի արդյունքներ չտվեցին»,- կարծում է նա: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: