Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մորուքի հարցը հասարակությանը հուզում է ոչ պակաս, քան նրա քաղաքական օրակարգը։ Վարչապետն այսօր պատասխանեց այդ հարցին։  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մորուքն արդեն մի քանի շաբաթ է՝ հանգիստ չի տալիս Հայաստանի քաղաքացիներին։
 
«Կսափրի՞ մորուքը, թե՞ ոչ» հարցը շեքսպիրյան «լինե՞լ, թե՞ չլինել»-ն է դարձել։ Վերջին օրերին բուքմեյքերական գրասենյակները հատուկ խաղադրույք էին սահմանել մայիսի 14-ին Սոչիում նախատեսված ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արտաքին տեսքի վերաբերյալ. կսափրվի՞ վարչապետը գագաթնաժողովից առաջ, թե՞ ոչ։ Արդյունքում Փաշինյանը Սոչի մեկնեց առանց սափրվելու, իսկ շատերը կորցրին իրենց փողերը։
 
Փաշինյանին բառացիորեն «որսացին» փողոցում՝ կառավարության շենքի դիմաց։ Վարչապետը գրեթե ամբողջ օրը շրջում էր նախարարություններով։ «Կարծում եմ` չեմ սափրվի, կոչ եմ անում դադարեցնել խաղադրույքները», — ասաց Փաշինյանը։ Զրույցն ընդհատեցին երկրպագուները, որոնք ամենուրեք ուղեկցում էին վարչապետին։
 
Յուրաքանչյուրը ձգտում էր լուսանկարվել Փաշինյանի հետ, սելֆի անել և արագ հեռանալ՝ ճանապարհ տալով մյուս ցանկացողներին։ «Ձեզ սելֆիի ձող տա՞մ», — կատակեց Փաշինյանը, երբ աղջիկներից մեկը երկար ժամանակ չէր կարողանում նկարվելու համար հարմար դիրք ընտրել։