Այսօր կառավարության նիստի ընթացքում վարչապետը բարձրացրեց նաև արագաչափերի և խաչմերուկներին առկա տեսախցիկների հարցը: Փաշինյանը իր խոսքում նշեց‚ որ մեխանիզմներ պետք է մտածել՝ պարտքը ներելու մասին և քննարկել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը‚ շեշտելով‚ որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել:
 
Հայտարարությանը հետևեց առանձին անհատների շահերը պաշտպանող ֆեյքերի բուռն քննադատությունները‚ ովքեր սլաքն ուղղելով հասարակության անվտանգության կողմը‚ սկսեցին ամենատարբեր հիմնավորումներ ներկայացնելով ցույց տալ որոշման «աղետալի հետևանքները»: Սակայն եթե հիշենք Հայաստանում երթևեկության վիճակը մինչ արագաչափ սարքերի տեղադրումը‚ կարելի է փաստել‚ որ էական ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել դրանց տեղադրումից հետո‚ բացի խոշոր տուգանքներից:
 
Եթե նախկինում պետավտոտեսուչը ինքն էր խախտում կատարած վարորդին կանգնեցնում և համապատասխան տուգանք նշանակում‚ ապա այժմ պարեկային ծառայություն կատարելու ընթացքում‚ եթե անգամ նկատում է երթևեկության կանոնների խախտում‚ չի կանգնեցնում օրինազանց վարորդին‚ քանի որ հանրապետության գրեթե ամբողջ տարածքում երթևեկությունը կարգավորող տեսախցիկներ կան‚ որոնք էլ արձանագրում են խախտումը:
 
Առաջին հայացքից սա կարելի է ընկալել որպես դրական երևույթ‚ սակայն պետք չէ մոռանալ‚ որ կան մարդիկ‚ ում համար այդ գումարները ոչինչ են և նրանք մեքենան որտեղ և ինչպես ուզում վարում են: Կան նաև այնպիսիները‚ ովքեր արդեն իսկ ունեն չվճարված մեծ տուգանքներ և իրենց համար արդեն էական չէ‚ թե այդ գումարը որքանով կավելանա‚ քանի որ միևնույն է այն չեն կարող վճարել:   Եվ վերջապես‚ վարորդները հիմնականում տեղյակ են‚ թե որտեղ կա տեղադրված արագաչափ սարքեր և միայն տվյալ հատվածում են մեքենայի ընթացքը դանդաղեցնում: Ի վերջո տեսախցիկների տեղադրումը կոնկրետ անձանց շահերից էր բխում և տուգանքներից ու տույժերից հավաքագրված միջոցները տնօրինվում էին նրանց սեփական հայեցողությամբ:
 
Այստեղից պարզ է դառնում‚ թե ինչու միանգամից որոշակի շրջանակներում Փաշինյանի հայտարարությունը նման բուռն քննադատությունների արժանացավ: Իսկ իրականում նման որոշում կայացնելը Փաշինյանի կողմից մինչ այժմ կայացված որոշումներից ամենախորքային և ճիշտ որոշումն էր: