«Ժողովուրդ» օրաթերթ գրում է. «Ինչպես հիշում եք, ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների՝ ձայնային նռնակների արձակման հետեւանքով մարմնական վնասվածքներ էին ստացել 54 հոգի, այդ թվում եւ 6 ոստիկաններ: Եւ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կատարվածի առնչությամբ վերջապես քրեական գործ է հարուցվել:
 
ՀՀ գլխավոր դատախազությունից, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են. «2018թ. ապրիլի 16-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ դրսեւորել են անփույթ վերաբերմունք, ինչի հետեւանքով պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս, այն է` հատուկ միջոցների կիրառման հետեւանքով 54 անձինք ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:   Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց արարքում առերեւույթ առկա են հանցագործության հատկանիշներ` վերոնշյալ փաստերի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում»: Միայն թե, նկատենք` այս գործով դեռեւս որեւէ մեկը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չի ստացել:
 
Այնինչ, հիշեցնենք, այդ օրերին համացանցը ողողված էր ձայնային նռնակները կիրառելու տեսանյութերով ու լուսանկարներով, ու որքան էլ հատուկ միջոցներ կիրառած այդ ոստիկանները դիմակավորված էին, միեւնույն է, իրավապահների համար ամենեւին էլ դժվար չէ նույնականացնելը եւ հանցանք կատարած անձանց բացահայտելը: Ու, վերջապես, դժվար չէ պարզել ոստիկաններին ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառելու հրաման տված անձի ինքնությունը, խոսքը ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի մասին է, որը թավշյա հեղափոխությունից հետո պաշտոնանկ եղավ: Հետաքրքիր է՝ նոր իշխանությունը մինչեւ վերջ կգնա եւ կպատժի մեղավորներին, թե ամեն ինչ կավարտվի` քրեական գործ հարուցելով ու հետո այն կարճելով, ինչպես եղել է նախկինում: Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: