Լավ եմ արել, գնացել եմ կազինո: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում նշել է ԱԺ «Ելք» խմբակցության «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով տարածվող լուրերին, թե ինքը կազինո է գնացել:
 
«Պարզվում է՝ բացի նրանից, որ նարկոման եմ, նաեւ կազինո եմ գնացել: Լավ եմ արել գնացել եմ։ Կարող եմ ասեմ, որ պետական պաշտոնյա չեմ եղել, պետության փողերը չեմ գողացել ու կարող եմ իմ ժամանցն անցկացնել օրենքով սահմանված յուրաքանչյուր ձեւով»,-հայտարարեց նա:
 
Նշենք , որ այսօր՝ մայիսի 24-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ դադարեցնելու մասին:
 
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորական մանդատ էր ստացել օրեր առաջ՝ փոխարինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դրանից հետո, արդեն մայիսի 22–ին Ալեն Սիմոնյանը դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:
 
Ըստ մամուլի տեղեկությունների, նա ցանկություն ունի մանդատը վայր դնելով մնալ Երեւանի ավագանու անդամ, ինչը թույլ կտա Տարոն Մարգարյանի հնարավոր հրաժարականի դեպքում՝ առաջադրվել քաղաքապետի թեկնածու: