Եթե որևիցե մեկը շեղվեց‚ անմիջապես իր դիմումի համաձայն իր տեղը պետք է զիջի‚ որովհետև մի նախարարի պատճառով իրավունք չունի տուժելու մի ամբողջ համակարգ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանը:
 
Operativ.am-ի այն հարցին‚ թե արդյոք «Ծառուկյան դաշինքը» պատասխանատվություն է կրում կառավարության համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը‚ որ ԲՀԿ քվոտայով կառավարության կազմում կա փոխվարչապետ‚ և կան նախարարներ‚ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.
 
««Ծառուկյան դաշինքը» երբեք չի խուսափել պատասխանատվությունից‚ ցանկացած գործ‚ ցանկացած ոլորտ‚ երբ որ հանձն է առել դա կատարելու համար‚ դուք գիտեք‚ որ ամենալավն է կատարել‚ ամենաառաջինն է իր գործունեությամբ:
 
Մենք բանակցել ենք‚ որ սա ազգային համաձայնության կառավարություն է‚ մեր մասով ինչ վերցրել ենք‚ օր օրի դուք նկատում եք նախարարների պահվածքը‚ կեցվածքը‚ մոտեցումը‚ կապ չունի կուսակցական պատկանելությունը‚ կապ ունի մարդու գիտելիքը‚ մարդու արած գործը‚ արդյունավետությունը‚ դրա համար դուք կարող եք հարցնել մեր նախարարներին‚ կառույցին կոլեկտիվին‚ կտեսնեք‚ որ նրանց մոտեցումն արդարացի է‚ մարդկային է‚ ծանոթ-բարեկամ չկա‚ կուսակցական պատկանելություն չկա‚ որևիցե մեկը շեղվեց‚ անմիջապես իր դիմումի համաձայն ինքն իր տեղը պետք է զիջի‚ որովհետև մի նախարարի պատճառով իրավունք չունի տուժելու մի ամբողջ համակարգ»: