Պետք է մոռանալ «հեղափոխության տոներն ու գովաբանությունները» և անցնել աշխատանքի: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը: Նա նշեց, որ դեմ է մոտեցումներին, երբ կառավարության հասցեին իր գործընկեր լրատվամիջոցների քննադատություններին մարդիկ շատ սուր և բացասաբար են արձագանքում: 
 
«Լրատվամիջոցներն ազատ են իրենց քննադատություններում, ավելին՝ պետք է քննադատեն ավելին, եթե ուզում են հաջողի այս կառավարությունը։ Եթե մամուլը չքննադատի, ցանկացած կառավարություն արագ կձախողի և ինչ արդյունքներ որ սպասում են տվյալ կառավարությունից,  չեն ապահովվի»,-ասաց Աննա Հակոբյանը։ Անդրադառնալով վարչապետի տիկնոջ կարգավիճակին՝ տիկին Հակոբյանը նշեց, որ իր աշխատանքում ոչինչ չի փոխվել, թերևս մի փոքր ոլորտներն են փոխվել, ապա հավելեց, որ ամուսնու քաղաքական որոշումների վրա բացարձակապես չի ազդում։