«Հարգելի Պարոն Մելքումյան, խնդրում եմ այսուհետ ելույթ ունենալիս նախագահ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործել քաղաքական բռնապետ արտահայտությունը»:
 
Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ հավելելով, որ պետք չի ասել բաներ, որոնց համար հաջորդ պահին հնարավոր է զղջալ:
Մելքումյանն էլ արձագանքեց. «Հարգելի պարոն Ֆարմանյան, զսպեք ձեր մոլուցքը հակադարձելու եւ բոլոր արտահայտությունները ընկալեք քաղաքական հարթության վրա: Այն ինչ կա, հենց այդպես էլ կա, կարողացեք ընկալել հավուր պատշաճի իրականությունը: Բոլոր հարցադրումները գտնվում են քաղաքական հարթության վրա»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը էլ դիմեց իր ընդդիմախոսներին՝ նշելով. «Երբ բնակվում ես ապակե տնակի մեջ, չարժե հարեւանների հետ կռիվ անել՝ քարեր նետելով»:
Տեղից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանն էլ տեղից նետեց. «Էշ-էշ մի խոսա»:
Աշոտյանն արձագանքեց. «Ձայնդ»: Իրավիճակը շիկացավ: Աշոտյանն ու Արթուր Մանուկյանը փորձեցին հաշիվներ պարզել հենց դահլիճում, սակայն մյուս պատգամավորները փորձում էին հանդարտեցնել:
ԱԺ նիստը մի պահ ընդհատվեց: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ վիրավորական արտահայտություններ պետք չէ հնչեցնել:
ՀՀԿ-ական պատգամավորները բորբոքված Արմեն Աշոտյանին դուրս հանեցին դահլիճից, որ վեճը դադարի: Քիչ անց նա վերադարձավ դահլիճ: