Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ արդյունքներ կան էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հետ՝ կապված իրավիճակի ուսումնասիրությունից:
 
Նախարարը տեղեկացրեց, որ նախաձեռնվել են բոլոր հնարավոր միջոցները և քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, գնահատել են այս պահին ՀՀ էներգետիկ ոլորտում բոլոր ռիսկերն ու հնարավորությունները: Անդրադառնալով գազը սակագնի խնդրին` Ա.Գրիգորյանը նշեց, որ սահմանին 150 դոլարով ներմուծումը տարվա վերջ պետք է վերանայվի, ռիսկ կա դոլար-դրամ փոխարժեքի հետ կապված. «Տարվա վերջ կգնահատենք մեր էներգահամակարգի ամբողջ հնարավորությունները: Ուստի, հաշվի առնելով այս բոլոր ռիսկերը, գտնում ենք, որ մենք կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել անպահով ընտանիքների մասով, որոնց թվաքանակը 110-120 հազար է:
 
Մեր հաշվարկների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ հնարավորություն ունենք 10 դրամի չափով նվազեցնել անապահովներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»: Նախարարը նշեց, որ երկու տարբերակ կա` կա՛մ ՀԾԿՀ հետ պետք է աշխատեն, կա՛մ «Տաշիր» ընկերության հետ: Ընդ որում, ըստ նրա, կարող են «Տաշիրի» հետ պայմանավորվել, որ շահույթի հաշվին սակագինը նվազեցնեն 10 դրամով:
 
Նա վստահեցրեց, որ այդ դեպքում չեն նվազի նաև բյուջե մտնող հարկերը: Վարչապետը հանձնարարեց առաջիկայում քննարկում կազմակերպել, որպեսզի համոզվեն, որ ամեն ինչ ճիշտ է և արդյունավետ է. «Եզրակացությունները պետք է լինեն շատ թափանցիկ և համոզիչ»: