Վերջին երկու օրերին սահմանին ադրբեջանական կրակոցներից զոհվել է 1, ծանր վիրավորվել 1 հայ զինծառայող:
 
Վերջին շրջանում, հարաբերական անդորրից հետո միջադեպերը շատանում են: Բացի այդ, Ադրբեջանը առաջ է տվել դիրքերը Նախիջեւանում, մոտենալով հայկական դիրքերին ու բնակավայրերին:
Զուգահեռ Ադրբեջանում նոր թափ է առել պատերազմի քարոզչությունը: Դրա մի դրվագն էր Նախիջեւանի ուղղությամբ իբր տարածքի գրավումը, որին հայկական կողմը հակադարձեց, թե պարզապես մարդասիրական մոտեցում էին ցուցաբերել եւ թույլ տվել ադրբեջանցիներին այցելել իրենց հարազատների գերեզմանները:
Փորձագետներն ասում են, թե այս քարոզչությունը ներքին լսարանի համար է: Ադրբեջանում ընտրություններն արդեն եղել են, ըստ ամենայնի՝ այդ քարոզչությունը կապված է հայկական կողմի նոր մոտեցման հետ:
Հայաստանի նոր իշխանությունը հայտարարում է, որ չի բանակցելու Արցախի փոխարեն, եւ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցության սեղան: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն ասել է, որ դեմ չեն, պայմանով, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվեն: Ադրբեջանը համաձայն չէ:
Մինչ այժմ այսպես կոչված բանակցային գործընթացը հայկական կողմը հիմնավորում էր նրանով, որ դրա այլընտրանքը պատերազմն է:
2016-ի ապրիլը բոլորին ակնհայտ դարձրեց, որ բանակցությունն այլընտրանք չէ, բանակցային գործընթացն Ադրբեջանին պետք է այն դեպքի համար, որպեսզի իր հանրության առջեւ հիմնավորի, թե ինչու չի սկսում պատերազմը, իր հերթին՝ բանակցությանը հանդես գա իր իրավունքների դիրքերից:
Հայկական կողմը մինչ այժմ իր իրավունքներից չէր խոսում, այդպիսով պատերազմի ու տարածքի «իրավունքը» զիջելով Ադրբեջանին:
Հայկական կողմի նոր մոտեցումը իրավունքները վերադարձնելու մեկնարկ կարելի է համարել, եթե այն որպես նոր դիրքորոշում հստակ ու առարկայական մշակվի ու դրվի միջազգային հանրության սեղանին:
Այս պայմաններում Ադրբեջանը զրկվում է մանեւրի բավական մեծ դաշտից, քանի որ նախկին տրամաբանությամբ ու թեմայով բանակցությունն արդեն չի կարող ներկայացնել որպես իր «հաղթողական» քաղաքականության բաղկացուցիչ:
Մնում է պատերազմը կամ պատերազմի հռետորաբանությունը, որը նույնպես խնդրահարույց է, եւ սադրանքների հաճախակիացումը սահմանին:
Ոչ վաղ անցյալի փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի առանց արտաքին հստակ երաշխիքների ու ժամանակին այն կանգնեցնելու վստահության:
Հայկական կողմը կարող է փակել այս խնդիրը նպատակային արտաքին քաղաքականությամբ, թույլ չտալու համար նման երաշխիքներ:
Զուգահեռ պետք է վերականգնվի սպառազինության հավասարակշռությունը, ինչի մասին հայտարարել է նոր կառավարությունը: Սակայն ամենակարեւորը Արցախի ժողովրդավարական զարգացումն է, որի մեկնարկը տրվեց Ստեփանակերտում բողոքի ելույթներից հետո:
Ժողովրդավարական փոփոխություններն ու արդիականացումն Արցախի ամենակարեւոր՝ Ադրբեջանի հանդեպ քաղաքակրթական առավելության գրավականն է, որը կանխանշելու է թե քաղաքական, թե ռազմական առավելությունն առաջիկա զարգացումներում: