Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարիամ Ադամյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը» սերիալում, դարձել էնախատոնական նոր ֆոտոշարքի հերոսուհին: Նա մեզ պատմել է մանկության ամենաքաղցր հիշողության, երազանքների մասին, եւ ոչ միայն:
 
Սիրում, շատ եմ սիրում Ամանորի իրարանցումը՝ տոնածառ զարդարել, նվերներ գնել եւ այլն: Զբաղվածությանս զուգահեռ ժամանակ եմ գտնում նախատոնական պատրաստություններին մասնակցելու համար: Միշտ հասցնում եմ: Ամեն տարի տարբեր եմ զարդարում տոնածառը. փոխում եմ լույսերը, խաղալիքները: Սիրում եմ հարազատներիս համար նվերներ պատրաստել եւ ուրախացնել նրանց:
 
Ես բավական լավ եմ պատրաստում: Ասում են՝ համեղ ձեռք ունեմ: Ժամանակի սղության պատճառով քիչ եմ լինում խոհանոցում, բայց այս տարի էլ մայրիկիս կօգնեմ խոհանոցում. հիմնականում աղցաններ կպատրաստեմ:
 
Մանկության հիշողություններ
 
Մեր տանն Ամանորին միշտ բնական եղեւնի էինք զարդարում: Հիշում եմ՝ երբ արգելվեց կտրել, այդ տարի մինչեւ դեկտեմբերի 31-ը տոնածառ չունեինք, եւ միայն երեկոյան հայրիկս բերեց այն: Փոքր-ինչ ծուռ էր ծառը՝ կոտրված ճյուղով: Մայրիկս էլ մեզ հավատացրել էր, որ մեր տոնածառը պարող է: Այդ Ամանորն ամենահիշարժանն էր մեզ համար, իսկ տոնածառը՝ ամենասիրելին ու սպասվածը:
 
Ամանորի հեքիաթի ու ավանդույթի մասին
 
Կարծես ավանդույթ է դարձել՝ Ամանորի գիշերը, երբ ձյուն է գալիս, ընտանիքիս հետ երեկոյան զբոսնում ենք: Հավատում եմ Ձմեռ պապիկին: Կա մի ուժ, որ օգնում է իրականանան ամենանվիրական երազանքները: Ինչի մասին շատ ես երազում, տիեզերքը լսում է, զգում է եւ իրականացնում: Պարզապես երազանքները պետք է հերթականությամբ պահել, չպետք է միանգամից վերջինից սկսել՝ ամենից անհավանական թվացողից: Ամեն ինչ քայլ առ քայլ պետք է արվի: Հավատում եմ Ամանորի հեքիաթին: Կեսգիշերին միշտ երազանք եմ մտապահում:
 
Ամփոփում
 
Նոր տարին իր հետ նոր շունչ է բերում: 2016, 2017 թվականներն ինձ համար բուռն էին: Եղել են բաներ, որոնք մինչ այդ չեն պատահել: Գոհ եմ անցնող տարուց:
 
2018-ից ակնկալիքների մասին
 
Իմ սիրելի կենդանու տարին է: Նշանակում է՝ իր հետ խաղաղություն, ներդաշնակություն է բերելու: Ամեն ինչ էլ ավելի լավ է լինելու: Մի քանի նպատակ, երազանքներ ունեմ, որոնք կցանկանայի իրականացնել: Եթե չկատարվեն, չեմ նեղվի, կիրականանան 2019 կամ 2020-ին:
 
Ամենակարեւոր երազանքս սահմանի խաղաղությունն է: Թեպետ իմ ցանկությունից կախված չէ, բայց, իսկապես, ուզում եմ, որ ոչ մի մայր որդու կորուստ չտեսնի:
 
Նախապաշարմո՞ւնք, թե՞ նորաձեւություն
 
Ամանորն այս կամ այն երանգի զգեստով դիմավորելու մոլուցք չունեմ: Նախապաշարմունք է դա, թե նորաձեւություն, էական չէ. կրում եմ այն, ինչ ինձ հարմար է:
 
Նոր տարին դիմավորելու սիրելի վայրի մասին
 
Միշտ տանն եմ դիմավորել ու այս տարի էլ տանը կնշեմ: Այն ինձ համար ընտանեկան տոն է: Սակայն, եթե առիթ լինի, օրինակ, Իտալիայում դիմավորել, չեմ հրաժարվի:):