Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինծառայողների ծնողներին կոչ է անում բարձրաձայնել բանակում ծառայող իրենց երեխաների սննդի և հագուստի հետ կապված խնդիրների մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե իր եղբայրը շարունակում է սննդի համար գումար ուզել ծնողներից, քանի որ զինվորները դիրքերում սոված են մնում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքն էլի ասում է, որ բանակում՝ բոլոր զորամասերում պետք է ապահովվի պատշաճ սնունդ:
«Եվ ես շարունակում եմ կոչ անել՝ եթե որևէ տեղ խնդիր կա, ապա դիմեք մամուլին, դիմեք կառավարություն, դիմեք վարչապետին կից վերահսկողական ծառայություն, դիմեք վարչապետի աշխատակազմ, որովհետև մեր քաղաքական կամքը հստակ է, որ նման իրավիճակներ չպետք է լինեն:
Տեսեք, օրինակ, նախորդ հարց տվողներից մեկը շնորհակալություն էր հայտնում, որ այդ հարցերը իրենց մոտ լուծված են, բայց հիմա Դուք ահազանգում եք, որ ինչ-որ տեղ այդ հարցը լուծված չէ:
Օգնեք մեզ, որ գտնենք այդ հասցեն և արագ լուծենք այդ հարցը, որովհետև այդ հարցի լուծման համար խնդիր չկա: Խնդիրը տեղն ու պատասխանատուին որոշելն է: Եթե հիմա գրեիք, որ N զորամասի այսինչ կետում է այդ դեպքը, ես մինչև ուղիղ եթերը այդ հարցը կլուծեի: Բայց մենք հետևողականորեն զբաղվելու ենք այս հարցով: