z1news
 
 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում պնդեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ շեշտելով, որ իր ունեցած տեղեկություններով քաղաքապետը դիմումը գրել է դեռևս մի քանի օր առաջ, պարզապես այն պաշտոնապես չի հրապարակվում, քանի որ դեռևս պարզ չէ, թե ինչպես են տեղի ունենալու նոր քաղաքապետի ընտրությունները։
 
Նշենք, որ երեկ առաջին անգամ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բացակայում էր ավագանու նիստից, ինչը խմբակցության անդամներն աննախադեպ համարեցին:
 
Փոխքաղաքապետ Կամո Արեյանը պարզաբանել էր, թե Մարգարյանն առողջական խնդիրներ ունի, ինչը, սակայն, ավագանու ընդդիմադիր անդամները կասկածի տակ դրեցին:
 
«Ելք» խմբակցության ղեկավարը պատահական չի համարում այն հանգամանքը, որ Տարոն Մարգարյանն արդեն մի քանի օր է աշխատանքի չի գալիս, որոշումներ չի ստորագրում, ինչը խոսում է այն մասին, որ Տարոն Մարգարյանը վայր է դրել լիազորությունները։
 
«Ազատություն». - Պարոն Խաժակյան, տեղեկություններ կան, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Դուք ունե՞ք այդպիսի տեղեկություններ, որպես Երևանի ավագանու անդամ։
 
«Ազատություն». - Դուք ունե՞ք այդ տեղեկությունը, որ նա արդեն գրել է այդ հրաժարականի դիմումը։
 
Խաժակյան. - Դիմումն արդեն գրված է, պարզապես հրապարակված չէ և կարծում եմ, որ մնում են մի քանի հարցեր, որորնք պետք է պարզաբանվեն, թե ինչ է լինելու հրաժարականից հետո, որպեսզի հրապարակվի։
 
«Ազատություն». - Կա՞ հստակ ժամկետ, թե որ օրն է նա գրել հրաժարականի դիմումը։
 
Խաժակյան. - Իմ ունեցած տեղեկություններով դա տեղի է ունեցել երկու-երեք օր առաջ։ Գուցե տեսանյութը հրապարակելուց էլ առաջ, որովհետև մինչ այդ էլ՝ թե՛ ոստիկանությունը, թե՛ ԱԱԾ-ն արդեն սկսել էին քննել գործեր, որոնք կապված էին Տարոն Մարգարյանի հետ առնչվող ձեռնարկությունների հետ։ Սա շատ տրամաբանական հետևանք էր։
 
«Ազատություն». - Այդ դիմումով նա ի՞նչ էր ուզում ասել, կամ անել, դա ինչ-որ ձևով նրա կօգնի՞ խուսափել այդ քննություններից նկատի ունեմ, ինչո՞ւ գրել այդ դեպքում։
 
Խաժակյան. - Ըստ էության դիմում գրել, բայց չհրապարակելը լուծում է մի հարց՝ նա իշխանություններին ցույց է տալիս, որ չի պատրաստվում գնալ կոնֆրոնտացիայի և համաձայն կլինի ցանկացած ելքի հետ, և գրել է իր դիմումը՝ սպասելով դրա հրապարակմանը, որը, կարծում եմ, իրենից էլ չի կախված։
 
«Ազատություն». - Իսկ ումի՞ց է հրապարակումը կախված։
 
Խաժակյան. - Ես կարծում եմ, որ պետք է լինեն քննարկումներ և որոշում, թե ինչպիսի՞ պաշտոնավարում է լինելու դրանից հետո, կամ լինելո՞ւ են արդյոք արտահերթ ընտրություններ՝ ամենահնարավոր սեղմ ժամկետներում, թե՞՝ ոչ, և երբ այս հարցերը պարզաբանվեն, այդ ժամանակ էլ հրաժարականի դիմումը կհրապարակվի։
 
ArmLur.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը նշեց, թե նման տեղեկատվություն չկա, և ինքը չի հաստատում այդ հրապարակման մեջ նշված տեղեկությունը: Բացի այդ, Արթուր Գևորգյանը փոխանցեց, որ այսօր Տարոն Մարգարյանը հանդիպում է ունեցել Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետի հետ և հիշեցրեց, որ երեկ նա բացակայում էր միայն վատառողջ լինելու պատճառով: