Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների աշխուժացման միտումը: Նախնական արդյունքներով՝ վիրուսի հատուկենտ դեպքեր, ինչը նշանակում է, որ համաճարակային վիճակի մասին խոսք գնալ չի կարող: Բայց կարող է աշխուժացման միտում լինել;
 
Սակայն, ելնելով այս վիրուսի համաճարակաբանական առանաձնահատկություններից, նախարարությունը հորդորում է ծնողներին՝ ուշադրության առնել երեխաների մոտ հետևյալ ախտանշանների առկայությունը՝ ջերմության ալիքաձև բարձրացում, թուլություն, ուժեղ գլխացավ, լորձաթաղանթի բորբոքում, որովայնում ցավեր, սրտխառնոց, փսխում, քրտնարտադրություն, դող: Էնտերովիրուսային վարակները կարող են արտահայտվել նաև մրսածության ախտանշաններով:
 
Եղանակային ներկա պայմաններում, երբ դիտվում է նաև աղիքային վարակների, այդ թվում և դիզենտերիայի ակտիվացում, հարկ է թվարկված ախտանշանների դեպքում խուսափել ինքնաբուժումից, դիմել մասնագետների: Չափազանց կարևոր է խուսափել ջրազրկումից:
 
Վիճակագրության համաձայն՝ 2014 թվականի մարտ-հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է էնտերովիրուսով պայմանավորված շճային մենինգիտի 807 դեպք: 
 
Էնտերովիրուսը կարող է ախտահարել սիրտը, թոքամիզը, լյարդը և ենթաստամոքսային գեղձը՝ առաջացնելով միոկարդիտ, պերիկարդիտ, պլևրիտ, հեպատիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ ծանր դեպքերում հանգեցնելով ընդհուպ մինչև մահվան դեպքերի: Հիվանդանում են հիմնականում մինչև 10 տարեկան երեխաները, հիվանդությունն ընթանում է կլինիկորեն ծանր և միջին ծանրության ընթացքով, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ, ցավոք, առողջական քրոնիկ խնդիրներ ունեցողների մոտ որոշ դեպքերում անբարեհաջող ելքով: Հայաստանում վերջին նման դրսեւորումը հունիսի 26-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք ընդունված 5 ամսական երեխայի մահվան դեպքն է: 
 
Էնտերովիրուսային վարակների փոխանցումն իրականացվում է կղանքաբերանային մեխանիզմներով (ջրային, սննդային, կենցաղ-կոնտակտային) և աէրոզոլային (օդակաթիլային և փոշու միջոցով): Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել էնտերովիրուսներով՝ հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման արդյունքում: 
 
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է`
•պահպանել անձնական հիգիենայի կանոնները (հաճախակի լվանալ ձեռքերը, հազի և փռշտալու հիգիենան), հատկապես նորածինների խնամքի պարագայում,
• միրգը և բանջարեղենը լավ լվանալ,
• խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
• բնակարանը հաճախակի օդափոխել և խոնավ մաքրել։