Այսօր լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը մի քանի ուշագրավ քաղաքական հայտարարություներ է արել` ընդհանուր գծերով ձևակերպելով առաջիկա ամիսների զարգացումների ուրվագիծը:
 
Փաշինյանը հասկացրել է, որ առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափի շուրջ իր կուսակցության քննարկումները սահմանափակվում են «Ելք» դաշինքի ներսում: Սա հստակ ուղերձ է, թե վաղաժամ են «Ելքի» տրոհման կամ լուծարման մասին խոսակցությունները:
Անշուշտ, Փաշինյանի համար խնդիր չէ առաջիկա ընտրություններին մասնակցել սեփական կուսակցական ցուցակով և ստանալ մեծամասնություն. համենայնդեպս` դա են հուշում հեղափոխության տրամաբանությունը և Փաշինյանի բարձր վարկանիշը:
Մյուս կողմից` քաղաքական կարճատեսություն կլինի գործընթացները դիտարկել լոկալ հարթության վրա` սահմանափակվելով միայն առաջիկա ընտրություններով:
Հեղափոխության քաղաքական թիմն ավելի ներկայացուցչական և բազմակենտրոն դարձնելու անհրաժեշտություն կա, ինչը հուշում է, որպեսզի Փաշինյանը մտածի ոչ թե այսրոպեական, այլ` հեռանկարային լուծումների մասին:
Հենց այս համատեքստում կարևոր է «Ելք» դաշինքի պահպանումը, որի քաղաքական բազմազանությունը Փաշինյանին թույլ կտա մեծացնել մանևրելու իր հնարավորությունը:
Ի դեպ, խիստ ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը պոտենցիալ դաշնակիցների թվում չի նշում ԲՀԿ-ին կամ ՀՅԴ-ին, որոնց հետ հիմա կոալիցիոն հարաբերությունների մեջ է:
Կամ Փաշինյանն այս երկու կուսակցություններին ի սկզբանե համարել է ժամանակավոր գործընկեր, կամ էլ` երկու ամիսների ընթացքում ժամանակավոր կառավարության գործող մոդելն ամբողջովին բացահայտել է իր քաղաքական սնանկությունը, անարդյունավետությունը:
Փաստացի առաջիկա ընտրություններում Փաշինյանի կոալիցիոն գործընկերները, հատկապես` ԲՀԿ-ն, լինելու են նրա մրցակիցները:
Սակայն այսօր Նիկոլ Փաշինյանն ամենաուշագրավ հայտարարությունն արել է իր կուսակցության և Ժիրայր Սեֆիլյանի թիմի հարաբերությունների մասով:
Լրագրողներից մեկի հարցին, թե վերջերս նոր ուժեր են ձևավորվել, որոնք հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին, և որոնց մեջ են նաև Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերը», արդյոք կհամագործակցի այդ ուժերի հետ, Փաշինյանը կտրուկ արձագանքել է.
«Սասնա ծռեր» քաղաքական կազմակերպության մասին ինձ հայտնի չէ, եթե նկատի ունեք «Սասնա ծռեր» խմբի գործունեությունը, ինչպես տեղյակ եք՝ նրանց գործով դատավարություն է ընթանում և անհասկանալի է ինձ հարցնել, թե արդյոք ես նրանց հետ կգնամ համագործակցության»:
Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով կասկածի տակ է դնում «ծռերի» քաղաքական բնույթը և, ըստ էության, բացառում է նրանց հետ համագործակցությունը` տողատակում հասկացնելով, որ ընդհանուր ոչինչ չունի այն ուժերի հետ, որոնց համար խորթ չէ քաղաքական բռնությունը:
Խորհրդարանական առաջիկա ընտրությունները դառնալու են թավշյա հեղափոխության տրամաբանական շարունակությունը` վերջնականապես փակելով հակահեղափոխության, ինչպես նաև` քաղաքական բռնության, այսպես կոչված` «մաուզերականության» ճանապարհը: