z1news
 
 
Արցախյան պատերազմից հետո Մանվել Գրիգորյանի աշխատատեղը՝ Գորիսում, մեր բնակելի շենքի հարևանությամբ էր։ Նա բանակային կորպուսի հրամանատարն էր։ Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցից քիչ ներքև՝ «ուչուզդոր էիք անվանում» այդ տարածքը։ Դիմացը այգին էր՝ «բուլվարը»։ Հենց այդ տարածքին կպած մի փոքրիկ կրպակ կար, դա այն ժամանակ մեր թաղամասի «սուպերմարկետն էր», օրը մի քանի անգամ մտնում և առևտուր անելուց առաջ նայում էիք բանակային կորպուսի աշխատողներին։
 
Այն ժամանակ էլ փսփսում էին, որ Մանվելը ծանր հիվանդություն ունի․ շաքարային դիապեդ և երիկամային անբավարարություն։ Մարդիկ անհանգստանում, իրար հարցնում էին՝ «էտ զահուրմար հիվանդությանը ճար չկա՞»։
 
Այսօր Մանվել Գրիգորյանը բանտում է։ Էլի լսում եմ մարդկանց, կարդում գրառումներ։ Եթե այն ժամանակ մարդիկ ասում էին՝ «էդ զահուրմար հիվանդությունից պրծում չկա՞», հիմա ասում են՝ «էդ զահուրմար մարդուց պրծում չկա՞»։
 
Մանվելի մասին գրառումները կարդալուց, նրա հասցեին հնչող մեղադրանքները, լսելուց, ատելության ծովում խեղդվելը տեսնելուց հետո մտածում եմ, որ դրանից ավելի սարսափելի պատիժ երկրագնդում գոյություն չունի։ Մահը նման դեպքում մեղմ պատիժ է։
 
Բայց այդ պատիժն էլ շատերին չի բավարարում։
 
Մանվելն արդեն, հավատացեք, բարոյապես չկա, բայց ինձ ուրիշ բան է հուզում, ու ես դրանից ավելի շատ եմ սարսափում։ Մանվելը, որպես վատ երազ՝ կանցնի, կգնա, բայց մենք անհագ վրեժխնդրությամբ, չարությամբ, պատժի չբավարվածությամբ ո՞նց ենք ապրելու․․․
 
 
Հասմիկ Բաբաջանյան