«Ազատություն» ռադիոկայանի եթերում` Ֆեսբուքյան ասուլիս հաղորդման ժամանակ  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով Նախիջևանում ադրբեջանական բանակի գործողություններին, ասաց, որ  հայկական կողմի արձագանքը խուճապ համարել չի կարելի, սակայն անհանգստություն կա, և դա բնական է, մանավանդ զինվորականների շրջանում, քանի որ նրանք պետք է պատրաստ լինեն։ 
 
Սահմանների երկու կողմից էլ ուժերն ու միջոցները խիտ դասավորված են, և ըստ ՊՆ խոսնակի՝ նախարարությունը պետք է պատրաստ լինի ամեն օր, ամեն ժամ։ Սակայն Հովհաննիսյանի կարծիքով՝ չի կարելի ասել, թե լարվածությունը տարբերվում է մեկ ամիս առաջ եղածից։ Ճշտող հարցին՝ չե՞ք բացառում, որ պատերազմ կարող է սկսվել առաջիկա մեկ տարվում, Հովհաննիսյանը պատասխանեց․«Չենք բացառում, որ ցանկացած րոպեի կարող է լինել»։