Ամանորին միշտ հիշում եմ կենսագրական այս փոքրիկ դրվագը, որը, ինչքան տարիներն անցնում են, ավելի հոգեցունց է դառնում։ Եթե ինչ որ մեկին դա մի փոքր կօգնի, ուրախ կլինեմ։
 
Տատս հարյուր տարի ապրեց։ Իննսունից հետո ասես երկնային էր դարձել, նյութական ոչ մի բան նրան չէր հետաքրքրում։ Երբ հարցնում էինք՝ տատի, ինչ նվեր ես ուզում, ասում էր՝ ուզում եմ, որ ինձ սիրեք, շա՜տ սիրեք․․․ Ուրիշ բան չեմ ուզում։
 
Ամանորից մի տաս օր առաջ սկսվում մեր «գերուշադրության, հոգատարության, սիրո շքերթը»։ Թոռներով մրցում էինք միմյանց հետ, որովհետև գիտեինք, որ դա մեր ծնողներին էլ է հաճելի և ուզում էինք արժանանալ նրանց սիրուն՝ նվերների տեսքով։ Ես ու եղբայրս նրա համար հեքիաթներ, պատմություններ էինք կարդում։ Քույրս ու փոքր եղբայրս նրա սիրած ուտելիքներն էին պատրաստում։ Մի խոսքով տոնական աշխուժության մեջ էինք։ Տատիկիս լողացնելը մի իսկական տոնահանդես էր․ չորսով նրա գլխի բուրգը, ծամիկները քանդում, գլխին շարած արծաթյա փողերը հանում, լողացնելուց հետո խնամքով հյուսում էինք ծամիկները և փողերը թագի նման ամրացնում ճակատին։ Երանելի տոնական օրեր էին։ Չար երեխաներ էինք, բայց տոնական օրերին չարություն չէինք անում։ Տատս ասում էր՝ Նոր տարին կբարկանա։
 
Տատս նույնպես Ամանորին պարապ չէր մնում։ Մեր հագուստն էր կարկատում։ Շատ ուշադիր կարկատում էր հորս շալվարը՝ պաշտոնյա մարդ է,- ասում էր, թող թերություն չունենա (Հայրս գարեջրի գործարանի տնօրեն էր ու հանրապետության փոխանցիկ դրոշը միշտ իր ձեռքին էր)։
 
Գիտեինք, որ տատիս կարկատած շորերը չէինք հագնելու, բայց հայրս ասում էր՝ մայրս իր սերն այդպես է կարողանում արտահայտել, թող անի։
 
Տատս շտապում էր՝ հեսա Նոր տարին կգա, չեմ հասցնի այսինչի շորը կարկատեմ, նասկիներն էլ դեռ մնում են։
 
Ամանորին, ծնողներիս ցանկությամբ տատիկիս կարկատած շորերն էինք հագնում։ Մեջը Սեր կա,- ասում էր հայրս, հագեք, որ ողջ տարին սիրո, ջերմության մեջ լինեք։ Իրենք էլ էին նույն կերպ հագնում։ Պաշտոնյա մարդ էր, երբ տոնը շնորհավորելու համար իր աշխատողները գալիս ու զարմացած նայում էին հորս կարկատած շալվարին, հայրս թաքուն մի հպարտությամբ ասում էր՝ մորս կարկատած շալվարն է։
 
Հիմա շատ բան է փոխվել։ Ամանորին նոր, ճոխ շորեր են հագնում, գիտեն թե շորի նորը նոր բախտ է բերելու, բայց ինչ որ բան պակասում է։ Թող դա սերը չլինի։
 
ՀԳ Տատս լուսանկարում աջ կողմի վրա է։
 
Հասմիկ Բաբաջանյան