Պուտինը կհեռանա ինչպես Ելցինը. քաղաքագետ Վալերի Սոլովեյ
Քաղաքագետ Վալերի Սոլովեյը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ կհեռանա այնպես, ինչպես հեռացավ նախկին նախագահ Բորիս Ելցինը: «Sobesednik.ru»-ի հետ զրույցում Սոլովեյը նշել է, որ առաջիկա տարում եթե Պուտինն առաջադրվի եւ կրկին դառնա նախագահ, ապա դա կլինի այսպես ասած անցումային ժամկետ, որի ընթացքում Պուտինը կամաց-կամաց հասարակությանը կներկայացնի իր այսպես ասած ժառանգորդին եւ դանդաղորեն նրան կփոխանցի իշխանությունը: Պարբերականը նշում է, որ Սոլովեյը այն կարծիքին է, որ եթե ամեն բան նախատեսվածի նման ընթանա, ապա հնարավոր է, որ այդ իրավահաջորդը լինի Տուլայի մարզի նահանգապետ Ալեքսեյ Դյումինը, ում թեկնածությունը քննարկում են ուժայիններն ու հատուկ ծառայությունները:
 
Քաղաքագետը չի բացառում, որ տեղի ունենա նաեւ իշխանության հարկադիր հանձնում, եթե իհարկե հզոր փողոցային բողոքներ սկսվեն, որոնք անհնարին լինի վերահսկել կամ ճնշել: Սոլովեյը բերում է Ուկրաինայի օրինակը: Այս դեպքում, ըստ Սոլովեյի, դժվար թե բանակը կրակի հայրենակիցների, սեփական ժողովրդի վրա, իսկ եթե կրակի, չի բացառել, որ կկրկնվի Մայդանի օրինակը: Քաղաքագետ Սոլովեյը կարծում է, որ այսօր ռուսական հասարակությունը ցանկանում է նորմալ կրթություն ստանալ, հանգիստ բիզնես անել, վերադառնալ հանգիստ ու ապահով կյանքին, բաներ, որ Պուտինի վարչակարգի օրոք կարելի է ասել, դժվար թե կարողանա անել հետագայում էլ: