Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանին թույլ չեն տալիս վերադառնալ Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն:
 
Ստանիսլավսկու թատրոնում դերասանուհին աշխատել է ավելի քան տասը տարի, սակայն այսօր թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը բազմաթիվ պատճառաբանություններ բերելով՝ չի ցանկանում վերջինիս հետ ընդունել թատրոն:
«2013 թվականի հոկտեմբեր ամսին՝ իմ դիմումի համաձայն, դուրս եկա ռուսական թատրոնից: Դժբախտ պատահար էր եղել:
Երբ մահացավ մեր թատրոնի սիրված դերասան Երվանդ Ենգիբարյանը, ես այդ օրերին թատրոնի ղեկավարության հետ խնդիրներ ունեցա եւ որոշ հարցերի հետ կապված համաձայնության չեկա:
Քանի որ այդ օրերին կատարվածն անհամատեղելի էր աշխատանքի հետ, իսկ ես՝ լինելով շատ էմոցիոնալ եւ առաջնահերթ գնահատելով մարդկային արժեքները, քան մնացած բաները, գերադասեցի հեռանալ թատրոնից»,- պատմեց Իրինա Հարությունյանը:
Դերասանուհին ասաց, որ այդ օրերին կոնֆլիկտային վիճակ է ստեղծվել թատրոնում, սակայն ոչ թե անհատական ինչ-որ մեկի հետ, այլ՝ կոնֆլիկտի պատճառ է դարձել ներկայացումը, որում դերասանուհին հրաժարվել է խաղալ:
«Ես հասկացա, որ այդ վիճակում ի վիճակի չէի ներկայացման մեջ խաղալ: Գնացի, հրաժարականի դիմում գրեցի, սակայն տնօրենը պատռեց այն, ասելով, որ ես պիտի մնամ ու թատրոնին պետք եմ»,- ասաց նա:
Դերասանուհին պատմեց, որ թատրոնի անձնակազմն այդ դեպքերից հետո վերաբերմունքը փոխեց իր նկատմամբ:
Կարծիք հայտնեց, որ նրանք նման քայլի են գնացել գուցե աշխատանքը կորցնելու, կամ թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար՝ երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանի աչքից ընկնելու վախից:
«Շատ ժամանակ մարդիկ մոռանում են, որ դերասանն էլ է մարդ, որ մենք ապրում ենք հասարակությունում եւ բաներ կան, որ պարզապես չի կարելի անտեսել»,- ասաց դերասանուհին: Կոնֆլիկտից հետո անցել է գրեթե 5 տարի:
Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո Իրինա Հարությունյանը գնացել է թատրոն, տեսել դերասաններին եւ թատրոնի ողջ անձնակազմին:
Սակայն, ինչպես ինքն է ասում՝ շատերին ձեռնտու է, որ վերջինս թատրոն չվերադառնա: Ինձ մոտ ռուսերեն լեզուն է եւ այսօր Ստանիսլավսկու թատրոնն ունի դրա կարիքը:
Դեկտեմբեր ամսին զանգահարեցի Ֆրեդ Դավթյանին, խոստացավ հանդիպել, սակայն երեք ամիս չկարողացանք հանդիպել, որովհետև հեռախոսազանգերիս չէր պատասխանում»,- ասաց Իրինա Հարությունյանը:
Դերասանուհին դիմումով գնացել է տնօրենի մոտ, վերջինս ասել է, որ հաստիք չունեն. «Թատրոնում հաստիք չկա՞, այսօր մեր թատրոնից դերասանների մեծ մասը գնացել են, ու ես գիտեմ՝ ինչ վիճակ է այնտեղ»:
Ֆրեդ Դավթյանը դերասանուհուն առաջարկել է դիմել նախկին նախարար Արմեն Ամիրյանին, սակայն զգուշացրել, որ անպայման տեղյակ է պահելու վերջինիս, որ Իրինա Հարությունյանը սկանդալով է գնացել թատրոնից:
Վերջինս նաև ասել է, որ նման որոշումը համանախագահական հարց է: «Ասում եմ՝ մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի եւ հետո ժամանակ է անցել:
Զարմանալին այն է, որ չգիտես ինչի՝ իմ վերադարձը նախագահական հարց է, իհարկե, ես մի կողմից ուրախ եմ, որ այդքան կարևոր մարդ եմ, բայց մյուս կողմից էլ՝ զարմանալի ու մառազմի հասնող բան է, թե ինչու պիտի վերևներից որոշեն՝ ով որ թատրոնում լինի, երբ մտնի, երբ հեռանա»,- ասաց Իրինա Հարությունյանը:
Մեր տեղեկություններով, Ստանիսլավսկու թատրոնում յուրաքանչյուր դերասանի հարց նախկինում Բաղրամյան 26-ում է որոշվել:
Ավելին՝ թատրոնում յուրաքանչյուր հարց Ռիտա Սարգսյանի անմիջական «հովանու» ներքո է քննարկվել ու այնուհետեւ հրահանգ իջեցվել:
Լուրեր են շրջանառվել, որ Ֆրեդ Դավթյանը դերասանների մոտ հայտարարել է, թե Ռիտա Սարգսյանի հետ է խոսել, եւ վերջինս թույլ չի տվել Իրինայի վերադարձը թատրոն:
Իրինա Հարությունյանի թատրոն վերադառնալու արգելքի մասին ՀԺ-ն մեկնաբանություն խնդրեց Ստանիսլավսկու թատրոնի տնօրենից: Ֆրեդ Դավթյանը մեր զրույցում ասաց, որ իրավաբանորեն արդեն պատասխանել է դերասանուհուն:
Դավթյանը հերթական անգամ նշեց հաստիք չունենալու խնդիրը: «Մշակույթի նախարարն առայժմ մեզ գեղարվեստական ղեկավար ընտրելու ժամանակ է տվել:
Թող այդ ամենը հանդարտվի, հետո նոր դիմի գեղարվեստական ղեկավարին: Ես թատրոնի տնօրեն եմ, իսկ դերասանների հետ աշխատում է գեղարվեստական ղեկավարը»,- ասաց Ֆրեդ Դավթյանը:
Մեր հարցին՝ ի վերջո վերջնական որոշումն ի՞նքն է կայացնելու, Դավթյանն ասաց, որ դժվարանում է պատասխանել եւ ավելի մանրամասնել: