Այս յուրօրինակ աղցանը կարելի է ու պետք է մատուցել տաք վիճակում: 
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
Կարտոֆիլ 1 կգ
Սունկ 500 գ
Կարմիր սոխ 1 գլուխ
Սխտոր 6 պճեղ
Մաղադանոս 20գ
Նեխուր 1 ճյուղ
Կիտրոն կես հատ
Յուղ 50 գ
Սամիթ 10 գ
Կանաչ սոխ 30 գ
Մանանեխ 1 ճ/գ
20%-անոց թթվասեր 200 գ
Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի
Սկսում ենք կարտոֆիլից: Այն պետք է խաշել աղաջրում, հետո կեղևազրկեք ու մեծ խորանարդիկներով կտրատեք:  Այնուհետև զբաղվեք սնկով: Նախ՝ անհրաժեշտ է լավ լվանալ: Այնուհետև՝ եթե սունկը մեծ է, ապա կտրատեք, իսկ եթե դրանք փոքր են, ուղղակի առանձնացրեք գլխիկից ու 20 րոպե խաշեք աղաջրում: Երբ արդեն պատրաստ կլինեն, հանեք ջրից, փռեք անձեռոցիկի վրա, որպեսզի հնարավորինս ջրքամվի: Սա շատ կարևոր է, որ արդեն յուղի մեջ տապակելիս ավելորդ ջուր չլինի ու տապակվի, այլ ոչ թե շոգեխաշվի: Մինչև սունկը խաշվի, կտրատեք սխտորը, ու մաղադանոսը:
Թավայի մեջ լցրեք յուղը, այնուհետև տապակեք սունկը: Սունկը տապակեք մաս-մաս, որ բոլորի համար տեղ լինի ու հանգիստ տապակվեն: Կրակից վերցնելուց առաջ ավելացրեք կտրատած  մաղադանոսն ու սխտորը, խառնեք մեկ րոպե, հետո ավելացրեք մի քիչ կիտրոնի հյութ, համեմեք աղով և սև պղպեղով, վերցրեք կրակից:
Մեկ այլ ամանում խառնել մանանեխն ու թթվասերը, ավելացնել մանր կտրտված սամիթն ու կանաչ սոխը:
Այնուհետև կտրատել փոքր խորանարդիկներով նեխուրի ճյուղը ու գլուխ սոխը կիսալուսնաձև:
Վերցնել խոր աման, խառնել արդեն կտրտված կարտոֆիլը, տապակված սունկը, մի խոսքով բոլոր այն բաղադրիչները, որը մաս-մաս պատրաստել եք:  Լավ խառնելուց հետո վերցրեք գեղեցիկ ափսե, խնամքով տեղավորեք աղցանը ու մատուցեք տաք վիճակում: Դե ինչ, կարող եք արդեն փորձել, բարի ախորժակ: