Այսօր՝ հուլիսի 17-ին` ժամը 18։00-ին, Երևանի Հանրապետության հրապարակին հարող հատվածում՝ Նալբանդյան-Արամի փողոցների խաչմերուկում, կայացել է Վանի ինքնապաշտպանության ղեկավար, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ռազմական ու պետական գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Բացման արարողությունը մեկնարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հնչեցրած աղոթքով, որին հաջորդել է ելույթը՝ ուղղված ներկաներին:
«Մեծարգո նախագահ՝ Հայաստանի Հանրապետության, մեծարգո վարչապետ՝ Հայաստանի Հանրապետության, սիրելի ներկաներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական մեր օրհնությունն ենք բերում ձեզ, որ համախմբվել եք պետական-հասարակական մեծ գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացման առիթով:
Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի Առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակի այս տարում խորհրդանշական է, որպես երախտիք՝ մեր ժողովրդի զավակին, որպես ազգանվիրումի ու հայրենասիրության ոգեշնչում՝ այսօր ապրողներիս և մեր հետագա սերունդներին: Այս արարողություն, սիրելինե՛ր, առիթ է ընծայում մեզ նաև անդրադառնալու և կարևորելու, որ Ցեղասպանության նախճիրի միջով անցած մեր ժողովուրդն առ Քրիստոս հավատով, հարության անպարտելի հույսով կարողացավ վերագտնել իր քաջության ոգին, և իր արի զավակների շնորհիվ, որոնցից մեկն էր Արամ Մանուկյանը, կերտեց իր նորագույն պատմության հաղթանակները:
Միասնական կամքով պայքարի ելած հայ ժողովուրդը հաղթանակեց՝ պաշտպանելով իր գոյության, հայրենի հողի վրա ապրելու ու արարելու իր արդար իրավունքը: Արամ Մանուկյանը կարճ կյանք ունեցավ, բայց այն ամբողջությամբ ընծայեց պայծառ ու հզոր Հայաստանին՝ բարգավաճող իր ազգի, հառաջընթաց հայ կյանքի վառ տեսլականի իրագործմանը: այսօր, սիրելի՛ ժողովուրդ հայոց, մենք կոչված ենք Արամ Մանուկյանի՝ Հայաստանի Առաջին Հանրապետությունը կերտած մեր հերոսների տեսիլքերն իրականություն դարձնելու, ընթանալու դեպի նոր իրագործումներ ու արարումներ՝ հանուն հայրենաբնակ ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի երջանկության, բարօրության ու բարգավաճման»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: