Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ում հարցաքննության կանչված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն արդեն մի քանի տարի է՝ վաճառել է Ազատության պողոտայի «գեներալների շենքի» իր բնակարանն ու տեղափոխվել Ջրվեժի իր շքեղ առանձնատուն: Չնայած սրան՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում նշված է, որ Խաչատուրովը հաշվառված է Ազատության պողոտա 9/3 հասցեում: Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Ջրվեժ թաղամասի երկհարկանի շքեղ առաձնատունը երկար տարիներ է՝ պատկանում է Խաչատուրովներին, սակայն, մեր տեղեկությունների համաձայն, նրանք այստեղ են տեղափոխվել վերջին տարիներին:
 
Խաչատուրովը մոտ 4 տարի առաջ ապրել է Ազատության պողոտայի բազմաբնակարան շենքերից մեկում, որը անվանում են «գեներալների շենք»: Տեղի բնակիչներից պարզեցինք, որ այս շենքում ապրել ու ապրում են գեներալներ, այդ թվում ժամանակին՝ Յուրի Խաչատուրովը: Նա իրար է միացրել շենքի երկու բնակարան, սեփականացրել, ապա վաճառել ու տեղափոխվել՝ Ջրվեժի առանձնատուն:
 
 
 
«Գեներալների շենքի» բնակիչները «Հայկական ժամանակ»-ին իրենց բողոքը հայտնեցին, որ Յուրի Խաչատուրովը տունը վաճառելուց հետո շենքի բակում դեռեւս ունի մի ավտոտնակ, որը դարձրել է ավտոլվացման կետ: Եւ երբ այն աշխատում է, բնակիչները չեն կարողանում օգտվել ջրից, որովհետեւ հոսքը թուլանում է: Մեր այցի ժամանակ ավտոտնակ-ավտոլվացման կետը բաց չէր: