ԱՌՆՎԱԶՆ  50  ՏԱՐՎԱ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԱՊԱԳԱ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՏԱՍՆՅԱԿ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
 
 
«1000 ամերիկյան դոլարից ոչ պակաս աշխատավարձով շուրջ 1200 աշխատատեղեր տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետների համար»:
 
Հայաստանում «Քենդլ» արագացուցիչը կառուցելու պարագայում ահա այսպիսի ապագա է կանխատեսում ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սամվել Հարությունյանը: Իսկ արագացուցչի կառուցման հարցերով զբաղվում է «ԵՊՀ սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն»-ը, որը նախկինում մասնավոր կարգավիճակով գործող «Քենդլ» կազմակերպության հիմքի վրա ձևավորվել է այս տարի:
 
«Քենդլը» գիտական բարդ սարքավորումներից կազմված համալիր է, որն ընդգրկելու է մոտ 20 հեկտար տարածք: Համալիրն առաքելու է հատուկ հատկություններով լույս` սինքրոտրոնային ճառագայթում, որը թույլ կտա նույնիսկ ատոմային մակարդակում հսկա մանրադիտակի պես ուսումնասիրել ցանկացած նյութի կառուցվածքը: Այս սարքավորումն էապես տարբերվելու է «Արուսից»՝ հայկական հին արագացուցչից:
 
 
Ինչպես ստեղծվեց «Արուսը»
 
Արագացուցիչները գիտական բարդ սարքավորումներից կազմված համալիրներ են, որոնք ի սկզբանե կառուցվել են ֆունդամենտալ գիտությունների ոլորտում հետազոտություններ կատարելու համար:
 
Երևանի ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչային ֆիզիկայի և տեխնիկայի բաժնի տնօրեն Վալերի Նիկողոսյանի խոսքերով` որպես արագացուցիչների նախատիպ կարելի է դիտարկել Վիլսոնի խցիկը, որը ստեղծվել է 1912 թ-ին և տասնամյակներ շարունակ գործնականում եղել է միջուկային ճառագայթումների գրանցման տեսողական միակ մեթոդը:
Հետագայում՝ 5060-ական թվականներին, կառուցվել են առաջին սերնդի արագացուցիչները՝ «գիտական հսկաները», որոնց թվում էր նաև հանրաճանաչ ֆիզիկոս Արտյոմ Ալիխանյանի կողմից 1967 թ-ին Հայաստանում ստեղծված առաջին և ԽՍՀՄ-ում միակ էլեկտրոնային արագացուցիչը` «Արուսը»:
Այդ տարիներին Հայաստանը դարձել է գիտական ամենազարգացած երկրներից մեկը, քանի որ ունեցել է ե՛ւ արագացուցիչ, ե՛ւ ատոմակայան: Այս առումով Խորհրդային Միության կազմում Ռուսաստանից և Ուկրաինայից հետո Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցրել, իսկ արագացուցչի հնարավորությունների տեսանկյունից տարածաշրջանում եղել է ամենահզորը:
«Արուսը»-ը լայնորեն կիրառել են մինչև 90-ական թվականները: Վ. Նիկողոսյանի խոսքերով՝ իրենք տարեկան աշխատել են 5000 ժամ. «Դրա համար ծախսվում էր հսկայական քանակությամբ էլեկտրաէներգիա, քանի որ պետությունը այն ժամանակ ոչինչ չէր խնայում գիտության զարգացման համար»:
Այժմ արագացուցիչը տարեկան աշխատում է միայն 500 ժամ:
 
Նոր սերնդի արագացուցիչները էապես տարբերվում են նախորդներից:
 
Արագացուցիչները տարիների ընթացքում որակական փոփոխությունների են ենթարկվել: Այլևս շահավետ չէ այս սարքավորումներն օգտագործել միայն գիտական նպատակներով. դրանց օգնությամբ ստացվող ճառագայթն արդեն սկսել են կիրառել ամենատարբեր ոլորտներում:
 
Հին սերնդի սարքավորումների պարագայում, ի տարբերություն նորերի, ստացվող ճառագայթը հաստատուն չի եղել: Հաստատուն ճառագայթումը նոր արագացուցիչների գլխավոր առավելություններից մեկն է: Հենց այդ ճառագայթներից են սնվելու տասնյակ տարբեր գործառույթներ իրականացնող լաբորատոր կառույցները:
 
«Քենդլի» տնօրեն Վասիլի Ցականովի պարզաբանմամբ՝ նոր արագացուցիչը հնարավորություն կտա ստեղծելու 60-ից ավելի լաբորատորիաներ, որտեղ հետազոտվելու են մի շարք ոլորտներ.
 
1. Կառուցվածքային կենսաբանություն: Հայտնաբերվելու և ուսումնասիրվելու են նոր սպիտակուցները, ինչը շատ կարևոր է հիվանդությունների բուժման ուղիներ փնտրելու ճանապարհին:
 
2. Դեղագործություն: Սինքրոտրոնային լույսը հնարավորություն է տալիս մշակել նոր դեղամիջոցներ:
 
3. Բժշկություն: Սրտանոթային հիվանդությունների պարագայում թույլ է տալիս արդյունքի հասնել` օգտագործելով յոդի ավելի ցածր պարունակություն և ռենտգենյան ճառագայթների ավելի փոքր չափաբաժին, իսկ պատկերը ստացվում է միլիվայրկյանների ընթացքում: Ներկայիս մամոգրաֆիան չի արձանագրում ուռուցքի առկայության դեպքերի 20 տոկոսը: 1 մմ-ից փոքր գոյակցությունները կարելի է տեսնել հենց այս ճառագայթի օգնությամբ:
 
4. Քիմիա: Քիմիական պրոցեսներն ուսումնասիրվում են ատոմական մակարդակում, ինչը նոր նյութեր գտնելու հնարավորություն է տալիս:
 
5. Նյութագիտություն: Բնական ցեոլիտների օգտագործմամբ մշակվում են ատոմային արդյունաբերության թափոնները:
 
6. Բնապահպանական գիտություններ: Այս ճառագայթներն օգտագործվում են նաև շրջակա միջավայրի ուսումնասիրման ոլորտում:
 
7. Նանոտեխնոլոգիաներ: Սինքրոտրոնային լույսը կիրառվում է փոքր չափերի չիպերի արտադրության և միկրոմեքենաշինության ոլորտներում:
 
«Այս բոլոր ոլորտների առկայությունը մեզ կօգնի ոչ միայն օգտագործել մեր գիտնականների մտավոր ունակությունները, այլև կապահովի արտասահմանյան մասնագետների մուտքը հայկական գիտություն», -կարծում է Վ. Ցականովը:
 
«Քենդլի» կառուցումից հետո մասնագետների կարիք է զգացվելու:
 
Դեռևս սակավաթիվ ուսանողներ են ներգրավված «Քենդլի» աշխատանքներում, քանի որ նրանց ներուժը հիմնականում անհրաժեշտ է լինելու արագացուցչի պատրաստ լինելուց հետո: ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սամվել Հարությունյանի հաշվարկներով` այդ ժամանակ տարբեր ֆակուլտետների մոտ 1200 ուսանողներ կարող են 1000 դոլարից ավել աշխատավարձով աշխատատեղերի ակընկալիք ունենալ:
 
«Այժմ նախապատրաստական աշխատանքներում հիմնականում ընդգրկված են ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները, բայց հետագայում կընդգրկվեն նաև այլ ֆակուլտետների ուսանողներ»,- հայտնեց Վ. Ցականովը: Ըստ նրա՝ արագացուցչի պատրաստ լինելուց հետո երիտասարդ մասնագետները վերապատրաստվելու են արտասահմանյան մասնագետների օգնությամբ:
Վ. Նիկողոսյանի խոսքերով՝ «Քենդլի» ներկայացուցիչներն այսօր գրեթե չեն շփվում իրենց արագացուցչի մասնագետների հետ, և դա այն դեպքում, երբ «Քենդլը» հին արագացուցչի տրամաբանական շարունակությունը կարող էր լինել.
 
-«Առանց «Քենդլի» մեր գիտությունը առաջ չի գնա, բայց այն նաև չի կարող գործել, եթե չլինեն համապատասխան մասնագետներ, որոնք պետք է պատրաստվեն մինչև «Քենդլի» կառուցվելը: Ավելորդ գումարներ չծախսելու համար այս արագացուցիչը կարող էր դիտարկվել որպես դասագիրք, որտեղ ուսանողները գործնականում կկիրառեին իրենց տեսական գիտելիքները»:
Վ. Նիկողոսյանը նշեց նաև, որ դյուրին չէ արագացուցչի մասնագետ պատրաստելը. ժամանակին մեկ մասնագետ պատրաստելու համար իրենք տասնյակ տարիներ են կորցրել: Ֆիզիկայի ինստիտուտի էլեկտրոնային արագացուցչի բաժնի պետ Խորեն Ասլանյանը պատմում է, որ ղեկավարման վահանակի առջև նստելու թույլտվություն ստանալու համար իրենք  մոտ 3 տարի փորձաշրջան են անցել. «Այսօր մնացել է միայն մի քանի մասնագետ: Եթե նրանցից ևս երկուսը հեռանան կյանքից, մենք այս բնագավառում պրակտիկ աշխատող մասնագետ էլ չենք ունենա»:
 
«Քենդլի» կառուցման ժամկետների մասին հստակ տվյալներ դեռևս չկան:
 
Մինչ «Քենդլ» ստեղծելու գաղափարի ի հայտ գալը` Հայաստանը մասնակցել է «Սեզամե» կոչվող միջազգային ծրագրին, որի շրջանակներում Մերձավոր Արևելքի երկրներից մեկում պետք է կառուցվեր 2րդ սերնդի արագացուցիչ: Հայաստանը Մերձավոր Արևելք չէ, բայց գիտական պոտենցիալի շնորհիվ՝ թեկնածու համարվեց նաև մեր երկիրը:
 
Ս. Հարությունյանի պարզաբանմամբ՝ իրենք այդ ժամանակ մտածեցին, որ Հայաստանի համար առավել շահավետ կլինի կառուցել վերջին սերնդի արագացուցիչ, որպեսզի համընթաց քայլեն զարգացող գիտությանը: Եվ արդյունքում՝ 2002 թին որպես մասնավոր ծրագիր ստեղծվեց «Քենդլը»:
Արագացուցչի կառուցման աշխատանքները նախատեսված էին ավարտին հասցնել 2008 թ-ին: Ծրագիրը հովանավորում էր սփյուռքահայ գործարար Ժիրայր Հովնանյանը, ով մի քանի ամիս առաջ հեռացավ կյանքից: Այն ներկայացվեց ԱՄՆ էներգետիկայի նախարարություն, արժանացավ հավանության, և ԱՄՆ ղեկավարությունը համաձայնեց հովանավորել այն:  Բայց մինչ օրս ծրագիրը չի իրականացվել:
 
«Մի շարք գիտնականներ և պետական գործիչներ հայտարարում էին, որ պետության բոլոր գումարները կգնան արագացուցչի վրա, գիտական ինստիտուտները կտուժեն, տարբեր նախարարներ ծրագրի կազմակերպման համար նույնիսկ կրկնակի գումար էին պահանջում ներդնողներից»,- ասաց Ս. Հարությունյանը և հավելեց, որ՝ «Իրականում դա սկզբունքների և սերունդների հակասություն էր, քանի որ որոշ ֆիզիկոսներ կարծում են, թե հարցը դեռ ամբողջությամբ չի հասունացել, որպեսզի կարողանա հասնել լուրջ նպատակների»:
 
Այս ամենից հետո պրոռեկտորն առաջարկել է «Քենդլը» դարձնել համալսարանին կից պետական կառույց, և արագացուցչի կառուցման հարցը բարձրացնել արդեն պետական մակարդակով: Այսօր «Քենդլին» Ավան համայնքում արդեն հատկացրել են 2,4 հեկտար տարածք, մասնաշենք, որտեղ տեղակայվելու են լաբորատորիաները, և 2007 թ-ին 40 միլիոն դրամ բազային ֆինանսավորում է տրամադրվել պետության կողմից: Ստեղծվել է նաև մի նոր կառույց` Գիտության պետական կոմիտեն, որն առաջիկայում զբաղվելու է նաև «Քենդլ» ստեղծլեու ծրագրերով:
 
«Մենք կդիմենք կառավարություն, նորից ծրագիր կկազմենք, հետո նորից գումարի համար կդիմենք տարբեր ֆինանսավորվող կազմակերպությունների»,- ասաց պրոռեկտորը:
 
 Հեղինակ ՝ Կարինե Իոնեսյան