«Լեվի» հաստիքների գործով․ դպրոցի տնօրենը վերականգնեց պետությանը պատճառած 2 միլիոն 289 հազար դրամի վնասը
 
 
 aravot.am -ը գրում է.  Ինչպես տեղեկացրել էինք, Շիրակի մարզի դատախազությունում  քրեական գործ է հարուցվել Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմինե Մխեյանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվում է մի քանի անձանց, այդ թվում և իր դստերը դպրոցի աշխատակիցներ ձևակերպելու ու նրանց անվամբ շուրջ 2 միլիոն 289 հազար 31 ՀՀ դրամ յուրացման եղանակով հափշտակելու մեջ։ ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ տիկինն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառած վնասը։ 
 
Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից այսօր քրեական գործ է հարուցվել Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմինե Մխեյանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվում է մի քանի անձանց դպրոցի աշխատակիցներ ձևակերպելու ու նրանց անվամբ շուրջ 2 միլիոն 289 հազար 31 ՀՀ դրամ յուրացման եղանակով հափշտակելու համար։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից։ «ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի աշխատակցի զեկուցագրի հիման վրա նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը կոնկրետ անձանց ձևակերպել է որպես դպրոցի աշխատակիցներ, սակայն վերջիններս չեն հաճախել աշխատանքի։ Աշխատավարձերի տեղեկագրում ներառվել են կեղծ տեղեկություններ, իսկ նրանց անվամբ ելքագրված շուրջ 2 միլիոն 289 հազար 31 ՀՀ դրամ գումարը յուրացման եղանակով հափշտակվել է։ Նշվածի կապակցությամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, ինչպես նաև 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով իմ տեղակալի կողմից հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։ Ենթադրյալ հանցանք կատարած անձին առաջարկում եմ միջոցներ ձեռնարկել ամենասեղմ ժամկետում վերականգնել պետությանը պատճառած նյութական վնասը, ինչը միանշանակ կդիտարկվի քրեաիրավական ներգործության մեղմ միջոցների կիրառում»,-ասաց դատախազը։
Աղբյուրը՝ aravot.am      Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ