Ոստիկանության 6-րդ վարչությունը մտել է Վարդենիսի տուն-ինտերնատ. աղմկահարույց բացահայտումներ
 
 
ArmLur.am-ը գրում է․ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի շուրջ նոր աղմուկ է հասունանում: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն այս պահին ստուգումներ են իրականացնում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում եւ աղմկահարույց բացահայտումներ են արել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները բացահայտել են, որ տնօրենը տու-ինտերնատում գրանցել է աշխատողներին, որոնք այդպես էլ աշխատանքի չեն ներկայացել եւ, ըստ էության, նրանց անվամբ փոխանցված գումարները յուրացվել են:
 
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ տուն -ինտերնատի տնօրենը հայտնվում է իրակավապահների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես 2015 թվականին բացահայտվել էր, որ ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Այվազյանը, Էրեբունի բժշկական կենտրոնի ալերգոլոգիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Ջամալյանը, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը, Նոր-Արեշ պոլիկլինիկայի նախկին տնօրեն Ալեն Բաբայանը, զորակոչիկ Սամվել Վերդիյանը ձերբակալվել էին խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու, կաշառքի միջնորդության, կաշառք տալու, իշխանազանցության համար:
 
Ասել է, թե այս պաշտոնյաները փորձել էին միանգամայն առողջ զորակոչիկին մի լավ կլորիկ գումարի դիմաց կեղծ հիվանդություններ վերագրել եւ ազատել պարտադիր ժամկետային զինծառայությունից: Այս դեպքից հետո նարն կալանավորել էին, իսկ ավելի ուշ ինչ-ինչ հանգամանքներում ազատ արձակել: Այս ամենից հետո Արտակ Հարությունյանը կրկին աշխատանքի էր վերադարձել` շարունակելով ղեկավարել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը: Հավելենք, որ Վարդենիսի տուն-ինտերնատի ձերբակալված տնօրեն Արտակ Հարությունյանն այս պաշտոնում նշանակվել է 2014թ. օգոստոսի 7-ին: Ի դեպ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանի եղբայրն է, իսկ վերջիններիս հայրն էլ Նորքի հոգեբուժարանի գլխավոր բժիշկն է եղել: