Սկրիպալներին թունավորողները բրիտանական ոստիկանությանը հայտնի են․ 

Ըստ բրիտանական ոստիկանության՝ ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր վրա հարձակման հեղինակները հայտնի են: Այս մասին տեղեկացնում է Press Association լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
 
Քննիչներին հաջողվել է Սոլսբերի քաղաքում տեղադրված տեսախցիկների օգնությամբ գտնել կասկածյալներին, ովքեր, ինչպես նշվում է, Մեծ Բրիտանիա են ժամանել թունավորումից կարճ ժամանակ առաջ: Այդպիսով, ըստ բրիտանական ոստիկանության, հարձակումն իրականացրել են ռուսաստանյան քաղաքացիներ:
 
Ապրիլին բրիտանական մամուլը, հղում անելով ոստիկանությանը, գրել էր, որ մարտին Սոլսբերիում Սկրիպալների թունավորումն իրականացրել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության 54-ամյա մի նախկին սպա՝ «Գորդոն» ծածկանունով:
 
Նախօրեին The Daily Mail-ը, վկայակոչելով բրիտանական հատուկ ծառայություններում իր աղբյուրը, հայտնել է, որ Սկրիպալի վրա հարձակումը կազմակերպել է 6-հոգանոց խումբը՝ Ռուսաստանի Հետախուզության գլխավոր վարչության աշխատակցուհու գլխավորությամբ:
 
Պաշտոնական Լոնդոնը հայտարարում է, որ Սկրիպալների թունավորման ետևում կանգնած է Կրեմլը, քանի որ թունավորման համար օգտագործվել է ԽՍՀՄ-ում ստեղծված «Նովիչոկ» նյութը: Մոսկվան հերքում է մեղադրանքները: