Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու «Արցախի հերոսի կոչում» շնորհեց: Սա բացառիկ պարգևատրում էր, քանի որ առաջին անգամ է, որ նման բարձր պարգևի է արժանանում կրտսեր սերժանտը:
 
19-ամյա Ռոբերտ Աբաջյանը քառօրյա պատերազմի ժամանակ համառ կռիվ էր մղել հակառակորդի դեմ, իսկ վերջին նռնակով պայթեցրել ինքն իրեն ու իրեն շրջապատած ադրբեջանցի հատուկջոկատայիններին:
Մանումենտցի Կյաժի (այսպես էին անվանում Ռոբերտին նրա ընկերներն ու ընտանիքի անդամները) տունը գտնելը դժվար չէր: Փողոցը, որտեղ գտնվում էր Ռոբերտենց տունը, լի էր մարդկանցով: Հերոսի ընտանիքին այցի էին եկել լրագրողներ, հարազատ մարդիկ, Ռոբերտի ընկերները և պարզապես անծանոթ մարդիկ, ովքեր եկել էին իրենց խորին շնորհակալությունն ասելու հերոս ծնած և դաստիարակած ծնողներին:
Մեզ դիմավորում է Ռոբերտի հայրիկի ընկերը` պարոն Դավիթը.
«Եթե Ալիևն ուզում է իր գնդապետի պագոնները տեսնի, պետք է գա ու հասնի Ռոբերտի տան դիմաց,- ասում է նա ու մատնացույց անում դռան դիմացի կտորի վրա գցած ուսադիրը,- սա սպանված գեներալի ուսադիրներ են, դին հանձնելուց մեր հետախույզները պահել են, որ բերեն այստեղ դնենք ու հերոսի տուն մտնող յուրաքանչյուր հայ քայլի դրա վրայով: Սա մեր սրտի հովանքն է»:
Ռոբերտի հայրը որդու մասին խոսքը սկսում է «Կյաժ ջան, մեզ հերոսի պապա, մամա դարձրեցիր» արտահայտությամբ, ու խոսքի ընթացքում հաճախ կրկնում նույնը:
«Նա գիտեր ուր է գնում ու ինչի համար է ծառայության մեկնում, գիտակից մարտիկ էր: Այդ օրը չէ, որ դարձավ հերոս Ռոբերտ Աբաջյան, մինչ այդ էլ զինվոր էր, իր հողի ու իր երկրի տերը: Ռոբերտն ու իր հերոս ընկերներն ի չիք դարձրեցին Ալիևի բոլոր պլանները: Ինքն իրեն չպայթեցրեց, նա պայթեցրեց Ալիևի պլանները:
Մեր հերոս տղաներն իրենց կյանքի գնով կանխեցին այդ հանցագործ ոտնձգությունը մեր հողերի հանդեպ ու Մարտակերտի գրավումը: Հպարտ եմ, որ հերոսի հայր եմ, ամբողջ աշխարհը ճանաչեց իմ որդուն, ու հետագայում պետք է սերունդներ դաստիարակվեն նրա օրինակով:
Ինչքան էլ երեխա էր նա, միևնույն ժամանակ իսկական տղամարդ էր: Ես հնարավորություն ունեի տղայիս բանակից ազատելու, բայց դա տղամարդու արարք չէ: Ծառայությունն է տղայի համար: Իմ որդին ծառայեց, ապրեց շատ կարճ, բայց ապրեց մեզ երկար ապրեցնելու համար: Ու ես ուզում եմ, որ անգամ այս դեպքերից հետո, ծնողներն հպարտ բանակ ճանապարհեն իրենց որդիներին, ուրախ ճանապարհեն ու սպասեն նրանց վերադարձին»:
Ռոբերտի հետ կռված տղաներն ու նրա հրամանատարները ընտանիքի անդամներին պատմել էին նրանց որդու հերոսական արարքի մասին: Ռոբերտն հակառակորդի դեմ խիզախորեն կռիվ էր մղել մինչև վերջ:
Մարտի սկզբից նա հասցրել էր հրամանատարներին տեղեկացնել հարձակման մասին, ընթացքում կարողացել էր մարտադաշտից խրամատ տեղափոխել իր վիրավոր ընկերոջը, ապա վերադառնալ, շարունակել կռիվը և ունեցած վերջին նռնակով կյանքից զրկել իրեն ու իր հետ մի քանի ադրբեջանցի հատուկջոկատայինների: Ռոբերտի վերջին խոսքերն են եղել. «Մենք այս դիրքը արյունով պահեցինք, ով հանձնի այն, ես նրա մերը»:
«Նրա վերջին խոսքերը պատգամ են մեզ համար, կյանքի ուղեգիծ: Եվ եթե ոչ մեկ չլինի, իր հորեղբայրները, իր հայրը, եղբայրը, մայրը, տատիկն ու պապիկը կգնան ու կպահեն Ռոբերտի արյունով պահած հողը:
Մենք պատրաստ ենք պահել այդ դիրքը, ինչ էլ որ մեզ հետ լինի: Մենք կգնանք ու կընկնենք մեր որդու պահած դիրքում, բայց մի թիզ հող չենք զիջի: Մեր որդին ցույց տվեց, թե ինչպես պետք է ապրի ու սիրի հայրենիքը հայը»,- ասում է Ռոբերտի հոր ընկերը:
«Մեր սերունդը միշտ թերահավատորեն էր վերաբերվում այս սերնդին, ամեն առիթով ասում էինք ի՞նչ են անելու այս երիտասարդները: Հիմա այս տղաները մեզ ու աշխարհին ասացին, թե ինչ են անելու ու ինչ կարող են անել, երբ որևէ մեկը համարձակվի իրենց տանը մոտենալ:
Ուրիշին կյանքից զրկելը խիզախություն է պահանջում, բայց ինքն իրեն կյանքից զրկելը կրկնակի խիզախություն է պահանջում: Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ` որտեղից իմ տղայի մեջ այդ խիզախությունը»,- ասում է Ռոբերտի տատիկը:
Ռոբերտի մայրը շատ դժվարությամբ էր խոսում, հիշում էր որդու վերջին հեռախոսազանգը, նրա կատակները: Հիշում էր, թե ինչպես է որդին վերջին անգամ զանգել ապրիլի 1-ին ու շնորհավորել հայրիկի ծննդյան օրը. «մամ ջան, պապ ջան, հանգիստ քնեք, պոստեր եմ բարձրանում»:
«Պատերազմական առաջին օրերին ինքնս ինձ թաքուն հույս էի տալիս, որ գուցե նա դիրքերում չի, գուցե «փախել է», չնայած այդ մտքերով էլ ասես նրան վիրավորեի, որովհետև վստահ էի , որ իմ որդին փախչող չի, որ հնարավոր չի կռիվ լինի, ու նա դրա կենտրոնում չլինի»:
Ռոբերտի պապիկը, ով ողջ ընթացքում լուռ հետևում էր մեր զրույցին, միայն մեկ բան ավելացրեց.
«Մեզ սփոփում է միայն այն, որ դա իր որոշումն էր, մենք գիտենք, որ հրահանգ է եղել նահանջել, բայց նա հետ չի կանգնել: Ամեն ինչ կտայինք, որ նա մեր կողքին լիներ, բայց պետք է հպարտանանք իր որոշմամբ, դա էր իր ընտրած ուղին»
«Ոչ մեկին պետք չէ տարբերել Ռոբերտից, բոլորը մեզ համար Ռոբերտներ են, Տիգրաններ են, Գեղամներ են, այդ դիրքում կռված բոլոր տղաները մեր փրկիչներն են:
Նման մարտ անգամ կինոռեժիսորները չեն կարող մտածել ու նկարել, բայց այդ պատանի տղաները իսկական զինվորներ են, ովքեր շատ գրագետ կարողացան վարել այդ բարդ մարտը: 4-5 ժամանոց այդ մարտը մեզ մի ամբողջ պատմություն տվեց:
Մեր Ռոբերտի ու ընկերների պահած դիրքը պետք է ուխտատեղի դառնա:Յուրաքանչյուր հայ զինվոր պետք է հպարտ լինի ապագայում, որ ծառայելու է այդտեղ ու պահելու այդ սուրբ դիրքը, որի համար կյանքեր են զոհվել:»:
Հ. Գ. Ռոբերտի ընկերները և նրանց հարևանները մեկ խնդրանք ունեին: Նրանք խնդրում են պատկան մարմիններին Ռոբերտ Աբաջյանի անունով անվանակոչել իրենց փողոցը: