Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհի՝ Օշական գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիներն իրենց ուժերով փորձել են մարել Volkswagen Vento մակնիշի 34 VD 450 համարանիշի ավտոմեքենայում առաջացած խոշոր հրդեհը, սակայն թե քաղաքացիներին, թե հրշեջներին չի հաջողվել կրակը մարել, և ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
 
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
 
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ նշված ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի։