«Բացառում եմ ԼՂ կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի ժողովրդի համար». վարչապետ
 
«Ես բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար», - այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Երբ որ ասում ենք փոխզիջումային տարբերակ, փոխզիջում, նշանակում է, որ կա երկու կողմ, որը պատրաստ է որոշակի փոխզիջումների, ես ուզում եմ հասկանանք՝ ինչու ենք մենք ուզում քննարկել մեր պատրաստակամությունը փոխզիջման գնալու, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ փոխզիջման։ Երբ որ մենք ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը նույնպես հակված է փոխզիջման, կամ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք այն ժամանակ կքննարկենք, ընդ որում ոչ թե կառավարության մակարդակով, այլ, այսպես ասած, ազգովի՝ մեզ համար փոխզիջման ի՞նչ սահման գոյություն ունի», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Ես բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար։ Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը, չի կարող, եթե նույնիսկ շատ ուզենա»։
 
Անդրադառնալով օրերս Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը Փաշինյանն այն որակեց օգտակար։
«Առաջին նախագահն ասել է, որ որոշ հարցեր ինձ հետ ցանկություն ունի քննարկելու, ես հրավիրել եմ նրան կառավարական առանձնատուն՝ հյուրերի ընդունելության համար նախատեսված վայրը, նստել ենք, սուրճ ենք խմել, զրուցել ենք, քննարկել ենք։ Արցախի վերաբերյալ ինքը փորձել է ինձ տալ տեղեկություներ, որոնք որ մտածել է, որ կարող է ինձ հայտնի չլինել, դա շատ օգտակար զրույց էր, բայց ինքն ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռևս հայտնի չէին»։
 
Վարչապետը նշեց, որ ներքաղաքական հարցերին չեն անդրադարձել, հիմնականում քննարկել են Արցախի և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։