Քանդվում է Հայաստանի տնտեսությունը կործանած ստվերային կծիկը.
 
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հանքարդյունաբերության ոլորտում ապօրինի կերպով հակամրցակցային գործունեություն իրականացնելու դեպքով: Կոմիտեում ստացվել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած գործարքների ուսումնասիրության արդյունքները, որոնք առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ։
 
«Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ տարածքում հանքարդյունաբերությամբ և երկրաբանահետախուզական աշխատանքներով զբաղվող 19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել մի քանի անձանց և կազմակերպությունների կողմից ու վաճառվել Կայմանյան կղզիներում գտնվող կազմակերպություններին։ Ընդ որում, 17 ընկերության բաժնետոմս վաճառվել է մեկ արտասահմանյան ընկերության»։ Ըստ կոմիտեի, նախնական տվյալներով՝ Հայաստանում գրանցված ընկերությունների և ակտիվների սեփականությունը և դրանց տնօրինումն իրականացվում է միևնույն կենտրոնից, ինչի հետևանքով հանքարդյունաբերության ոլորտում գործող բազմաթիվ կազմակերպություններ հայտնվել են մեկ կազմակերպության կառավարման տակ, ինչը հանգեցրել է ապրանքային շուկաներում մրցակցության կրճատմանը և կենտրոնացվածության մեծացմանը:
 
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի մենաշնորհային գներն արհեստական բարձրացնելը կամ իջեցնելը, կամ պահպանելը, ինչպես նաև մրցակցությունը սահմանափակելը նախնական համաձայնությամբ կամ համաձայնեցված գործողությունների միջոցով, որն ուղղված է շուկան տարածքային սկզբունքով բաժանելուն, այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն, տնտեսվարող այլ սուբյեկտներին շուկայից դուրս մղելուն, խտրական գներ սահմանելուն կամ պահպանելուն):
 
Քննչական կոմիտեի այս հաղորդագրությունը կարելի է նշանային համարել ոչ միայն ուղղակի մրցակցության մասին օրենքի խախտումների բացահայտման նեղ իմաստով, այլ շատ ավելի գլոբալ՝ Հայաստանի տնտեսության ստվերային կառուցվածքի, ստվերային մեխանիզմների ու տնտեսությունը հանցավոր պայմանավորվածություններով մի քանի սուբյեկտների միջև բաժանելու առումով։ Այս իրադարությունը նշանային է, որովհետև բացահայտում է ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում հակամրցակցային պայմանավորվածություններն ու ստվերային մեխանիզմները, այլ լայն իմաստով այն մոդելը, որով Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները անցած 20 տարիներին բաժանվել են սահմանափակ, խիստ սահմանափակ թվով սուբյեկտների միջև, որոնք, որպես կանոն, եղել են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մերձավոր անձինք, նրանց ստեծղած ու նրանց կողմից կառավարվող քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները։
 
Մեծածախ առևտուր, վառելիքի ներմուծում, պետական շինարարություն և շինարարական բիզնես… շարքը կարելի է երկար շարունակել։ Խնդիրն այն է, որ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներն են կառավարվել այդ նույն՝ օլիգոպոլիկ սկզբունքով։ Առերևույթ այդ ոլորտներում գործել են մի քանի սուբյեկտներ, որոնք ապահովել են թվացյալ մրցակցություն։ Իրականում, սակայն, դրանք կառավարվել են մեկ կամ սահմանափակ թվով սուբյեկտների կողմից, կապիտալի իրական սեփականատերերի կողմից, որոնք, որպես կանոն, նույնական են եղել բարձրագույն իշխանության ու նրանց սերտաճած օլիգարխների հետ։ Այս սկզբունքը դրսևորման որոշակի առանձնահատկություններով գործել է նաև բանկային համակարգում, ու դա Հայաստանի տնտեսությանը հասցված թերևս ամենամեծ վնասն է։ Բանն այն է, որ բանկային ու ֆինանսական համակարգում գործում են շուրջ երկու տասնյակ բանկեր ու մի քանի վարկային կազմակերպություններ։ Առերևույթ գործում են մրցակցային դաշտում, իրականում, սակայն, նրանք առաջարկում են ինչպես ավանդների, այնպես էլ վարկավորման նույն տոկոսները։ Այնքան միաօրինակորեն ու միանման, կարծես դրանք որոշվում են միևնույն աշխատասենյակում, անձանց նույն շրջանակի կողմից։ Ու պատահական չէ, որ բանկային համակարգը չնչին բացառություններով գրեթե «արդարաբար» բաժանված է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցված սուբյեկտների միջև։ Իսկ բանկային համակարգում նման օլիգոպոլիկ վիճակի վնասն այն է, որ արհեստականորեն տարիներ շարունակ պահպանվել են վարկային գերբարձր տոկոսադրույքները՝ խոչընդոտելով տնտեսության, հատկապես մանր ու միջին բիզնեսի զարգացմանը. բանկերը առաջարկել ու շարունակում են առաջարկել վարկային տոկոսներ որևէ ոլորտում եկամտաբերությանը հավասար, երբեմն անգամ դրանից բարձր տոկոսներով, ինչի արդյունքում շատ հաճախ վարկային միջոցներով որևէ բիզնես վարելը դառնում է ուղղակի անիմաստ։
 
Արդյոք իրավապահ մարմինները օլիգոպոլիկ համաձայնությունների, մրցակցության խախտման հատկանիշներով ուսումնասիրություններ կկատարեն տնտեսության այլ ոլորտներում ևս, մինչև ուր և մինչև ում կհասնեն այդ ուսումնասիրություններն ու դրանց հիման վրա հարուցվելիք քրեական գործերը։ Դա բավական աշխատատար ու ժամանակատար գործընթաց է, որի համար պահանջվում է ոչ միայն իշխանության քաղաքական կամքը, ինչը կարծես թե առկա է, այլ նաև ահռելի մարդկային, մասնագիտական ռեսուրսներ։ Ակնհայտ է, որ նախկին իշխանությունները, հատկապես իրենց ու իրենց հետ փոխկապակցված բիզնեսների պարագայում, գործել են չափազանց հաշվարկված՝ թերևս ներգրավվելով բարձրակարգ իրավաբանների, ֆինանսիստների, այլ մասնագետների։ Նրանց կապերը հատկապես օֆշորային գոտիների հետ չափազանց մութ են ու խճճված։ Բայց դրանք այն կապերն են ու այն կծիկները, որոնք առանց քանդելու Հայաստանի տնտեսությունը չի կարող առողջանալ, ու չի կարող հաստատվել իրական մրցակցություն։
 
Ի դեպ, մրցակցության հետ կապված կա ևս մի խնդիր։ Անցած 20 տարիներին իշխանության հետ փոխկապակցված օլիգարխները այնքան են հարստացել ու տիրապետում են այնքան խոշոր դրամագլուխների, որ նրանց հետ անգամ հավասար մրցակցային պայմաններում նոր խաղացողները, նոր գործարարները չեն կարող դիմակայել արդեն ոչ թե ստվերային պայմանավորվածությունների, այլ մասշտաբի էֆեկտի պատճառով։ Բայց դա քննարկման այլ նյութ է։