1 միլիարդ գրավի դիմաց Վաչագան Ղազարյանն ազատ կարձակվի
 
 
Վաչագան Ղազարյանն ազատ կարձակվի 1 միլիարդ գրավի դիմաց. փաստաբան
 
Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող  պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ազատ կարձակվի 1 միլիարդ դրամ գրավ կիրառելու դեպքում: Այս  մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ Վերաքննիչը մասնակի է բավարարել իրենց բողոքը:
 
Փաստաբանը աննախադեպ է համարում նման գրավի կիրառումը. «Գրավը աննախադեպ մեծ գումար է, պրակտիկայում ես նման բան չեմ հանդիպել: Դատարանի որոշումը կստանանք, հիմնավորումները կտեսնենք»:
 
NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Վաչագան Ղազարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Փաստաբանի խոսքով՝ Ղազարյանը դեռ գործով ցուցմունք չի տվել:
 
«Էսօր Ղազարյան Վաչագանին մեղսագրվում է 2 հոդվածով հանցագործություն կատարելու կասկածանք եւ այդ հիմքով կալանավորվել է: 2 արարքներով էլ Վաչագան Ղազարյանը չի հանդիսանում հանցագործության սուբյեկտ: Ապօրինի հարստացման համար կարող են մեղադրվել այն անձինք, որոնք զբաղեցնում են պաշտոններ եւ այդ պաշտոնները ներկայացված են: Եւ այդ պաշտոնները զբաղեցնող մարդը կարող է մեղադրվել այդ հոդվածներով, այնինչ Վաչագան Ղազարյանի պաշտոնը այս պահին այդ ցանկում ներառված չէ այդ ցանկում եւ նա չի կարող հանդիսանալ հանցագործության սուբյեկտ»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ այս փաստարկները հաշվի առնելով է դատարանը նման որոշում կայացրել:
 
Փաստաբան Արմեն Հարությունյանը նաեւ չցանկացավ հայտնել, թե Վաչագան Ղազարյանի մոտ հայտնաբերված գումարը պատկանում էր իր պաշտպանյալին, թե ոչ, միայն ասաց, որ նախաքննությունը բոլոր հարցերի պատասխանները կտա:
 
Փաստաբանը հավելեց, որ գործով մտադիր է դիմել նաեւ Վճռաբեկ դատարան:
Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը NEWS.am-ին հայտնել էր, որ Վաչագան Ղազարյանին 27.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաեւ ապօրինի հարստացել է:
 
Մինչեւ 2018թ.-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի` Երեւան քաղաքի Տերյան փողոցի 66-րդ շենքի 62-րդ բնակարանում 2018թ.-ի հունիսի 20-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, իսկ վերջինիս պատկանող ավտոտնակում հունիսի 21-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 2.000 ԱՄՆ դոլար:
 
2018թ.-ի հունիսի 25-ին Վաչագան Ղազարյանը Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի 13 հասցեում գործող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել է 50.000 ԱՄՆ դոլար, իսկ Չարենցի փողոցի 12 հասցեում գործող «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120.000 ԱՄՆ դոլար եւ 436.000.000 ՀՀ դրամ, որից անմիջապես հետո բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նշված գումարները հայտնաբերվել եւ առգրավվել են:
 
Քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաեւ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝  460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի եւ 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը, եւ հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, այսինքն` վերջինս ապօրինի հարստացել է:
 
Վաչագան Ղազարյանը 2 ամսով կալանավորված է: