Փաշինյանը, պատասխանելով լրագրողների ամենատարբեր հարցերին, վստահեցրել է, որ բացահայտումները շարունակվելու են: Ինչ վերաբերում է թոշակների բարձրացմանը՝ նա ասել է, որ դա տեղի կունենա, երբ գողությունը վերանա։
 
«Նույնիսկ իմ ամենասուր ելույթներում ինձ թույլ չէի տալիս մտածել, որ կարող է թալանի ծավալն ու մակարդակը լինել մեր բոլորի ամենավառ երևակայության սահմաններից անդին»,- ասել է վարչապետը:
 
«Պատկերացրեք` ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որն ինձ զարմացնում է։ Ես հրաժարվում եմ հավատալ այդ տեղեկություններին, մինչև ինձ չեն բերում, ներկայացնում, ասում` ապացույց 1, ապացույց` 2, ապացույց 3, ապացույց 4։ Այն օրը ես մեր պետական կառավարման մարմիններից մեկի ղեկավարին կանգնեցրել եմ, ասել եմ` խնդրում եմ մի շարունակի։ Ես չեմ կարող մեկ օրվա մեջ այսքան տեղեկություն ստանալ և հոգեկան հավասարակշռությունս պահպանել։ Ասել եմ` խնդրում եմ հենց հիմա դադարեցրու, երբ որ ինքը հանում էր թղթեր, ապացույցներ, ֆոտոներ, վիդեոներ և այլն և այլն։ Ես ասում էի` այսօր այսքանն ինձ բավական է, գնացեք ուրիշին պատմեք»,– լրագրողներին պատմել է Փաշինյանը։
 
Նրա խոսքով, կոռուպցիան այնպիսի ծավալներ է ստացել, որ գնալով ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց է սկսել ընդգրկել, նույնիսկ այնպիսի մարդկանց, որոնք ծափահարել են հեղափոխությանը:
 
«Երբ ես ասել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի անդամի դեպքում, ես կատակ չեմ արել: Ես ասել եմ ամենայն լրջությամբ: Առավել եւս մյուսները պետք է հասկանան, որ այդ պայքարը ոչ մեկի դեպքում՝ կանգ չի առնելու»,-հայտարարեց նա:
 
Հայաստանում կադրային ճիշտ քաղաքականության համար վարչապետն անհրաժեշտ է համարել կադրային նոր բանկի ձևավորումը, որը նաև հնարավորություն կբացի Հայաստանի ու սփյուռքի լավագույն կադրերի համար։
Նիկոլ Փաշինյանի խոսքով` տնտեսական գործունեության բոլոր տեսակները նոր Հայաստանում պիտի լինեն հավասարապես հասանելի։ Բայց սա չի նշանակում, թե այն մարդիկ, ովքեր գործել են այս կամ այն ոլորտում, էլ չեն կարողանա գործունեություն ծավալել։
 
Տեսանյութ՝