Թուրքիայում հրատարակվել է Հայոց ցեղասպանության տարիներին Սեբաստիայի հայերի վերապրած կոտորածի ու աքսորի մասին պատմող նոր գիրք, այս մասին տեղեկանում ենք գիրքը լույս ընծայած ստամբուլյան «Արաս» հայկական հրատարակչության պաշտոնական կայքից:
 
Մուրադ Աթաշի կողմից գրի առնված «Արմինե. (Չարաք լեռան աքսորը)» կոչվող վեպը, որը հիմնված է իրական դեպքերի վրա, պատմում է պատմական Սեբաստիայի գյուղերից մեկի հայ բնակչության՝ ցեղասպանության տարիներին ապրած զրկանքների ու այդ տարածքում հայերի և թուրքերի հարաբերությունների մասին: 
 
Վեպը համեմված է նաև գլխավոր գործող անձի՝ Արմինեի ու նրա ընտրյալ Ջիվանի սիրո պատմությամբ ու պատմում է ցեղասպանության հետևանքով խեղված ճակատագրերի մասին:
 
224 էջանոց թուրքերեն վեպի խմբագրմամբ է զբաղվել պոլսահայ մտավորական, «Ակօս» պարբերականի նախկին խմբագիր և «Արաս» հրատարակչության ղեկավար Ռոբեր Քոփթաշը:
 
Աղբյուր՝ tert.am