Հոկտեմբերի 27՝ ռուսական վասալության բանաձևը․ ո՞վ կարող է խանգարել ոճրագործության բացահայտմանը.
 
Անացած երկու օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հայրենիքում ենթարկվում է աննախադեպ քննադատության։ Հեղինակավոր թերթերը լույս են տեսնում Թրամփին անվանարկող վերնագրերով ու խորագրերով. ԱՄՆ նախագահը մեղադրվում է ազգային դավաճանության մեջ, իսկ բուլվարային մամուլն իրեն շատ ավելի անկաշկանդ է պահում՝ Թրամփին անվանելով Պուտինի «վեցնոց»։ Ինքնին հասկանանլի է, որ ամերիկյան ինստեբլիշմենթի ցասման պատճատը Հելսինկիում նախօրեին տեղի ունեցած Պուտին-Թրամփ հանդիպումն է, որի ընթացքում ԱՄՆ նախագահը ասել է, թե ավելի շատ հավատում է Պուտինի, քան՝ ամերիկյան հատուկ ծառայությունների պնդումներին ու չի կարծում, թե Մոսկվան միջամտել է ԱՄՆ 2016-ի նախագահական ընտրություններին։ Ամերիկացիները Թրամփին երբեք չեն ների այս արտահայտության համար և պատահական չէ, որ Վաշինգտոն հասնելուն պես Սպիտակ տան ղեկավարը փորձել է խմբագրել իր բառերը։
Հասարակական կարծիքը ԱՄՆ-ում անում է իր գործը՝ անգամ նախագահներին ստիպելով ներողություն խնդրել հասարակությունից, արդարանալ, միայն թե չարժանան ժողովրդի արհամարհանքին։
 
Սա է արևմտյան դեմոկրատիան, որի կանոններին հնազանդորեն ենթարկվում է նույնիսկ էպոտաժային Թրամփը։
 
Հայաստանը դեռ հեռու է այդ իրականությունից՝ թեև թավշյա հեղափոխությունը մեզ արագ մոտեցնում է հենց արևմտյան դեմոկրատական համակարգերին։ Իսկ մեր հանրապետության պատմության վերջին քսանամյակը հարուստ է պետականությունը նսեմացնող բամաթիվ դրվագներով, երբ նախագահը ոչ թե հրապարակային հայտարարության մակարդակում է գովեստի խոսքեր շռայլել օտար երկրների հատուկ ծառայության հասցեին, այլ նրանց իրականացրած ահաբեկչության հետևանքով երկրում տիրացել է բացարձակ իշխանության։
 
2006-ի աշնանը Պուտինի իշխանության ձեռքերը հասան հեռավոր Լոնդոն, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել հատուկ ծառայությունների նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոն, որը կոնկրետ փաստերով մերկացնում էր Պուտինի իշխանության հրեշավոր արարքները, արյունոտ ոճիրները։
 
ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոն 2006-ի նոյեմբերի 23-ի գիշերը մահացել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, որտեղ այդպես էլ չկարողացան հստակորեն նշել, թե ինչ նյութով կամ նյութերով է թունավորվել անվտանգության նախկին աշխատակիցը: Սակայն մինչև մահը Լիտվինենկոն հասցրել էր ուշագրավ հայտարարություն անել նաև Հոկտեմբերի 27-ի հարցով։ Նա հայտարարել է, որ «Հոկտեմբերի 27-ը Ռուսաստանի ձեռքի գործն է»: Լիտվինենկոն ասել էր, որ խորհրդարանի գնդակահարությունը ծրագրել էին ՌԴ հատուկ ծառայությունները, իսկ ավելի կոնկրետ՝ գլխավոր հետախուզական վարչությունը: Այդ հայտարարությանը, բնականաբար, պատասխանել էր Հայաստանում ՌԴ դեսպանությունը, սակայն պատասխանը եղել էր շատ ուշացումով և, ըստ էության, հայաստանյան մամուլի դրդմամբ, ինչն ավելի համոզիչ է դարձրել ռուսաստանցի հետախույզի պնդումները։
 
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ուներ երկու հիմնական շահառու․ Նաիրի Հունանյանի հանցախմբի դավադիր կրակոցների հետևանքով Հայաստանում հաստատվեց ռուսական վասալության ռեժիմ, որը դրսևորվեց Ռոբերտ Քոչարյանի ստեղծած քրեաօլիգարխիկ համակարգի դեմքով։ Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում իր իշխանությունն ամրապնդել է օտար երկրի հատուկ ծառայությունների իրականացրած ահաբեկչական ակտի հետևանքով։ Երկրորդ նախագահի այս արարքը հավասարազոր է պետական դավաճանության և գրեթե անկասկած է, որ նոր Հայաստանը կարող է ռուսական վասալության հետևանքներն ամբողջովին վերացնել միան Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտման պարագայում։
 
Ռոբերտ Քոչարյանն արդեն այս ամսվա վերջին ներկայանալու է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով հարցաքննվելու նպատակով։ Շատերը կարծում են, որ այս հարցաքննությունը հեռանկարում կարող է ճանապարհ բացել նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման համար։ Նման վարկածն ունի քաղաքական հիմնավորում, որովհետև Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի ոճրագործությունները, ըստ էության, համակարգաստեղծ երկու հանցագործություններն են, որոնք ամբողջացնում են քրեաօլիգարխիայի քսանամյա արյունոտ իշխանության ազգադավ հրեշավոր դեմքը։ Մոսկվան առանձնապես մտահոգված չէ Մարտի 1-ի ոճրագործության բացահայտմամբ, որովհետև դրանում ռուսական հետքն այնքան արտահայտիչ չէ, որքան՝ Հոկտեմբերի 27-ի պարագայում։ Սակայն Մարտի 1-ի համատեքստում ռուսական որոշակի շրջանակների հետաքրքրում է Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակը․ եթե Քոչարյանը հայտնվի անազատության մեջ, ապա ռուսական կողմը չի կարող ունենալ որևէ երաշխիք, որ Հայաստանի երկրորդ նախագահը կսահմանափակվի միայն Մարտի 1-ի բացահայտումներով։ Այս համատեքստում ռուսական իշխանության որոշակի շրջանակներն ամեն ինչ անելու են, որպեսզի Մարտի 1-ի գործը չհասնի Քոչարյանի կալանավորմանը․ երկրից բացակայող նախկին նախագահը կամ Հայաստան չի վերադառնա, կամ էլ՝ կմաքրվեն դեպի Քոչարյան տանող «հետքերը»։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Միքայել Հարությունյանին, որի ընդամենը մեկ ցուցմունքը բավարար է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին պաշտոնական մեղադրանք առաջադրվի։
 
Հայաստանի իշխանությունները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները Ռոբերտ Քոչարյանին ու Միքայել Հարությունյանին Հայաստան վերադարձնելու համար։ Սա, առաջին հերթին, թելադրված է Մարտի 1-ի գործի համակողմանի բացահայտման անհրաժեշտությամբ։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նույն հետևողականությունը պետք է ցուցաբերի նաև Հոկտեմբերի 27-ի բացահայտման հարցում՝ անտեսելով անգամ Մոսկվայի կանխատեսելի ճնշումները։ Հայաստանի և Ռուսաստանի միջև արժանապատիվ հարաբերություններ կարող են հաստատվել միայն ռուսական վասալության ռեժիմի վերացումից հետո, որի բանալին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումն է։ Քանի դեռ այդ հանցագործությունը բացահայտված չէ, Հայաստանը երբեք ապահովագրված չէ ռուսական նոր սադրանքներից, Հոկտեմբերի 27-ի կրկնությունից։
 
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի