«Արաբկիր» բկ–ում հեռուստացույցները այլևս վճարովի չեն
 
«Փաստ» օրաթերթը գրում է.
 
Երկար տարիներ «Արաբկիր» բժշկական կենտրոնում հեռուստացույց դիտելու համար հիվանդասենյակներում բուժում ստացող քաղաքացիներն ու իրենց հարազատները ստիպված էին վճարել: Կար մի սարք, որի մեջ գցում էիր մետաղադրամ, որ հեռուստացույց դիտես:
 
«Գնացուցակը» տարբեր էր` կախված էր նրանից, թե որքան կտևի դիտումը, մի խոսքով՝ ժամավճար էր: Երեկ տեղեկություններ ստացանք, որ սարքերն այլևս չկան:
 
Ավելին, նշում էին, որ դա առողջապահության նախարարության պարտադրանքն է եղել: Երբ բժշկական կենտրոնից փորձեցինք պարզել, թե ե՞րբ և ինչո՞ւ են որոշել հեռացնել սարքերը, սկզբում ասացին, թե իրենց մոտ նման սարք չկա ու չի էլ եղել:
 
Դիտարկմանը, թե գիտենք, որ նման սարք եղել է, տեսել ենք ժամանակին, ուղղակի հարցնում ենք, թե երբ են հեռացրել և ի՞նչ պատճառաբանությամբ, տնօրենի ընդունարանի աշխատակցուհին ասաց. «Ինչի՞ համար եք այս հարցերը տալիս»:
 
Երբ ամենայն մանրամասնությամբ բացատրեցինք, որ լրագրողը հարցը տալիս է պատասխան ստանալու և դրանք հրապարակելու համար, ասաց. «Մենք այդ հարցերին չենք պատասխանում, նման հարցերին պատասխաններ տալու իրավունք չունենք»:
 
Դիտարկմանը, թե պարզ հարց ենք տալիս`այլևս չի գործո՞ւմ, ասաց. «Չէ, չի գործում»: