Հուլիսի 26-ի ինտրիգը․ կներկայանա՞ Քոչարյանը ՀՔ
 
Ռոբերտ Քոչարյանը երկրորդ ծանուցագիրն է ստացել ՀՔԾ-ից․ նա հուլիսի 26-ին պետք է ներկայանա քննություն իրականացնող մարմնին և հարցաքննվի Մարտի 1-ի գործով։ Այս հարթության վրա բաց է մնում հարցը՝ արդյո՞ք երկրորդ նախագահը կներկայանա ՀՔԾ, թե՞ աչքի առաջ ունենալով մեղադրյալի կարգավիճակում հայտնվելու գրեթե անխուսափելի հեռանկարը՝ խույս կտա քննությունից։ Օրերս կայացած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հասկացրել է, որ որևէ քրեական գործով քաղաքական որոշումներ կամ անձերով պայմանավորված սուբյեկտիվ մոտեցումներ չեն լինելու։ Ուշագրավ է, որ վարչապետը չի համարում, թե Քոչարյանն ունի սահմանադրորեն ամրագրված բացառիկ իմունիտետ։ Այլ խոսքով՝ եթե քննություն իրականացնող մարմինը փաստերի համադրությամբ մեղադրանք առաջադրի Ռոբերտ Քոչարյանին, ապա դրա համար գոյություն չունեն քաղաքական կամ օրենսդրական խոչընդոտներ։
 
Ի՞նչը կարող է փրկել Ռոբերտ Քոչարյանին, եթե քրեական գործում առկա փաստերը միանշանակ խոսում են նրա դեմ։ Ինչի՞ վրա է երկրորդ նախագահի հույսը, երբ նոր կառավարությունը քրեական գործերում բացառում է քաղաքական որևէ ստվերային պայմանավորվածություն։ Ռոբերտ Քոչարյանի հույսը, թերևս, Մոսկվայի հնարավոր միջամտությունն է ու ինչքան էլ պարադոքսալ հնչի՝ Հոկտեմբերի 27-ի գործը, որի հենքով Հայաստանի երկրորդ նախագահն ու Ռուսաստանի իշխանության որոշակի սեգմենտներ ունեն ընդհանուր շահեր, համատեքստ։
 
Եթե Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին երկրորդ անգամ չներկայանա ՀՔԾ, գրեթե անհավանական է, որ նրա այդ քայլն իրավական հետևանք չառաջացնի, մանավանդ, որ ՀՔԾ-ն առաջին դեպքում, ըստ էության, ընդունել է Քոչարյանի առաջարկությունը կամ խնդրանքը և երկրորդ հարցաքննությունը նշանակել է այն ժամկետում, որը հարմար է նրան։ Եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի Հայաստան չվերադառնալ, սա լրացուցիչ փաստարկ է դառնում նրա դեմ՝ թե իրավական հարթության վրա և թե հանրային ընկալումների մեջ։ Թեև հասարակությունն ոճրագործության կազմակերպման պատասխանատու վաղուց համարում է Ռոբերտ Քոչարյանին, սակայն նրա փախուստը միայն կհաստատի այն վարկածը, որ երկրորդ նախագահը պաշտպանվելու, այսպես կոչված, որևէ ալիբի չունի։ «Փախստական» նախագահների նախադեպ հետխորհրդային իրականության մեջ գոյություն ունի։ Օրինակ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը «տաքուկ անկյուն» է ստացել Ռուսաստանում՝ թաքնվելով իր երկրի արդարադատությունից։ Սակայն այդ ամենն ունի իր գինը․ Մոսկվան, ըստ անհրաժեշտության, Յանուկովիչին օգտագործում է Ուկրաինայի իշխանությունների, մեծ հաշվով՝ երկրի ինքնիշխանության դեմ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը չվերադառնա Հայաստան, ապա կարող է տանիք գտնել միայն Ռուսաստանում, որի դեսպոտ առաջնորդի հետ կապված է ընդհանուր հանցագործություններով ու մենթալ հոգեհարազատությամբ։ Այդ դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, կրկնելու է Յանուկովիչի նվաստացուցիչ նախադեպը։ Մյուս կողմից՝ դա Քոչարյանի համար սովորական վարքագիծ է, որովհետև նա Հայաստանի ինքնիշխանության և հասարակության դեմ գործել է նաև Հայաստանում, երբ զբաղեցնում էր նախագահի պաշտոնը։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում դե ֆակտո անսահմանափակ իշխանության տեր է դարձել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, երբ ռուսական հատուկ ծառայությունների գործակցությամբ արյունոտ խրախճանք կազմակերպեց խորհրդարանում՝ ֆիզիկապես ոչնչացնելով հասարակության վստահությունը վայելող գործիչներին։ Քրեաօլիգարխիկ համակարգի ներսում իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցվեց մեկ այլ արյունոտ ոճիրի միջոցով, որին զոհ գնացին այս անգամ Հայաստանի տաս քաղաքացիներ։ Հայաստանի և Ռոբերտ Քոչարյանի շահերը լրիվ հակոտնյա են ու բացարձակապես զարմանալի չի լինի, որ «փախստական» նախագահի կարգավիճակում Հայաստանի նախկին ղեկավարը շարունակի իր գործունեությունը Մոսկվայում։
 
Շատերը կարծիք են հայտնում, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է հանգիստ ներկայանալ ՀՔԾ, որովհետև քանի դեռ հայտնաբերված չէ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, երկրորդ նախագահին իբրև թե քրեական հետապնդում չի սպառնում։ Պրիմիտիվ ու մակերեսային վարկած է, որովհետև ՀՔԾ տրամադրության տակ, անկասկած, առկա են Ռոբերտ Քոչարյանի մեղսակացությունը հաստատող բազմաթիվ փաստեր, որոնք բավարար են նրան մեղադրանք առաջադրելու համար, նույնիսկ՝ առանց Միքայել Հարությունյանի ցուցմունքի։ Ավելորդ չէ նշել, որ պաշտպանության նախկին նախարարը տարիներ առաջ Փաստահավաք խբին բացատրություն տվել է, որ չարաբաստիկ 0038 հրամանն արձակել է Քոչարյանի ցուցումով։
Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի համար ամենաարժանապատիվ տարբերակը կլիներ, ոչ թե հեռվից Միքայել Հարությունյանին «փուռը տալը», այլ՝ ՀՔԾ ներկայանալն ու պատասխանատվությունն իր վրա վերցնելը, մանավանդ՝ երկրորդ նախագահի թիմը վստահեցնում է, որ 2008-ի իրադարձութոյւնների ժամանակ նա գործել է օրենսդրության ոգուն, սահմանադրության տառին համապատասխան։
 
Հաջորդ շաբաթը Հայաստանի քաղաքական կյանքում ինտրիգային է լինելու։ Ռոբերտ Քոչարյանի հուլիսի 26-ի հարցաքննությունն, անշուշտ, իրավական ընթացակարգ է, սակայն դրա ցանկացած ելքի, այդ թվում՝ երկրորդ նախագահի ՀՔԾ չներկայանալու դեպքում, հետևանքները քաղաքական են լինելու։
 
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի