«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրն ուղղված է իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական աջակցության տրամադրմանը:
 
Ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկը տրամադրվում է նվազագույնը 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 10.5 տոկոսով, որից պետությունը սուբսիդավորում է Երևանում 2 տոկոսային կետի չափով (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 8,5), իսկ ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար` 4 տոկոսային կետի չափով (այսինքն` ՀՀ մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 6.5):
 
Ծրագրի շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ), և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 65-ը, կամ երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ): Շահառուները պետք է ունենան եկամտի բավարար մակարդակ ստանձնած վարկային պարտավորությունների կատարման համար:
 
Ծրագրի շրջանակներում «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման ենթակա հիփոթեքային վարկերը պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին.
 
Վարկառու
 
ՀՀ քաղաքացի կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձ, ում ամուսինը հանդիսանում է ՀՀ քաղաքացի
 
Համավարկառու
 
Վարկառուի ամուսինը և նրանց երկուսի ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը (ընտանիքի անդամներ են համարվում` ամուսինը, վարկառուի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները)
 
Վարկի արժույթ՝ ՀՀ դրամ      
 
Վարկի նպատակ
 
Գոյություն ունեցող (80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող) բնակելի անշարժ գույքի ձեռքբերում մշտական բնակության նպատակով
 
Վարկի ժամկետ՝ Նվազագույնը 10 տարի
 
Վարկի առավելագույն գումար
 
1. Երևանում և ՀՀ մարզերում` 17.5 միլիոն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 70%[1]։
 
2. Երևանում և ՀՀ մարզերում` 17.5 միլիոն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 90%, եթե բավարարված է հետևյալ պահանջներից առնվազն մեկը.
 
ա) տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի/համավարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր արժեքի 70%,
 
բ) տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից ներկայացվում է նաև երաշխավորություն Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված` 1-ից 300 տեղերը զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից։
 
Տոկոսադրույք՝
 
Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավելի, քան Կազմակերպության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք՝ գումարած 5.0 տոկոսային կետ։
 
Տոկոսադրույքը վերանայվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ։ Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից ցածր, ապա հիփոթեքային վարկի նոր տոկոսադրույքը պետք է նվազեցվի առնվազն ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով։ Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից բարձր, ապա հիփոթեքային վարկի նոր տոկոսադրույքը կարող է բարձրացվել առավելագույնը ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով:
 
Վարկի տրամադրման/սպասարկման վճար՝
 
Ծրագրի ներքո տրամադրված հիփոթեքային վարկերի տրամադրման և/կամ սպասարկման համար սահմանված վճարները չպետք է գերազանցեն Վարկատուի կողմից տրամադրվող այլ հիփոթեքային վարկերի տրամադրման և կամ սպասարկման համար սահմանված վճարների չափը։
 
Վարկի մարման ձև՝
 
Ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ:
 
Վարկի ապահովություն՝
 
Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի գրավ
 
Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեք
 
Ձեռք բերման արժեքը` ոչ ավելի, քան 25 միլիոն ՀՀ դրամ և միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը` ոչ ավելի, քան 26 միլիոն ՀՀ դրամը։
 
Ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված արժեքները համեմատվում են ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության կողմից հրապարակվող անշարժ գույքի միջին գների հետ (վերջին հրապարակված տվյալների հետ)` հաշվի առնելով բնակարանի մակերեսը և գտնվելու վայրը։
 
Մասնավորապես, բնակարանի մակերեսի և տվյալ տարածքի համար մեկ քառակուսի մետրի միջին արժեքի արտադրյալը չպետք է գերազանցի 26 միլիոն ՀՀ դրամը։
 
Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետ
Տրամադրման օրվանից մեկ ամսվա ընթացքում:
 
Վարկունակության գնահատում
 
Համաձայն Ստանդարտների գործող տարբերակի:
 
Ապահովագրություն՝
 
Գրավադրվող անշարժ գույքի և վարկառուի/համավարկառուի՝ դժբախտ պատահարից ապահովագրություն` համաձայն Ստանդարտների[2]:
 
Վերաֆինանսավորման ենթակա չեն այն հիփոթեքային վարկերը,
1. որոնց միջոցով ձեռք է բերվել բնակելի անշարժ գույք, որի վաճառողն ու գնորդը միևնույն ընտանիքի անդամ են (համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի),
 
2. որոնք չեն բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման օրենսդրության պահանջներին,
 
3. որոնցում  առկա է հետևյալ սահմանափակումներից գոնե մեկը՝ 
 
. ամուսինների և հնարավոր համավարկառուների ընդհանուր ամսական զուտ եկամտի հանրագումարը գերազանցում է 800,000 ՀՀ դրամը,
 
. ամուսիններից որևէ մեկն ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող այլ բնակելի անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն)` բացառությամբ, եթե տվյալ բնակարանում/բնակելի տանը հաշվառված անձանց 1 շնչի հաշվով բաժին է ընկնում 18,0 քառ. մ.-ից պակաս տարածք (բնակելի տան դեպքում հաշվարկի մեջ ներառվում է անշարժ գույքի միայն բնակության համար օգտագործվող հատվածը),
 
. ամուսինները չեն պատրաստվում մշտական բնակության անցնել ձեռք բերվող բնակարանում կամ բնակելի տանը (նախատեսում են վարձակալության հանձնել մինչև բնակվելը, բնակվել ոչ ամբողջ տարին` օգտագործելով որպես ամառանոց և այլն),
 
. ամուսինները և/կամ հնարավոր համավարկառուներն ունեն ընթացիկ վարկեր, որոնք  դասակարգված չեն իբրև ստանդարտ վարկեր՝ համաձայն ՀՀ ԿԲ և ՀՀ ՖԷՆ համատեղ հաստատված կարգի, կամ նշված վարկերի գծով առկա են ընթացիկ ժամկետանց պարտավորություններ,
 
. ամուսինների և/կամ համավարկառուների՝ վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր գործող և մարված վարկերի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը գերազանցում է 30 օրացույցային օրը (հաշվարկվում է յուրաքանչյուրի համար առանձին)։
 
Ծրագրի իրականացման պայմանները առավել մանրամասն սահմանված են 
«Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգ» -ով:
 
 
http://www.hfy.am/files/Mortgage_2017.pdf