Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղված բաց նամակ, որում կոչ է արել նրան լքել ղեկավարի պաշտոնը:
 
«Մեր հարաբերությունները սկսվեցին որպես ընկերական, բայց այսօր մենք հասել ենք մի իրավիճակի, երբ գտնվում ենք ոչ միայն քաղաքական, այլև աշխարհայացքի բարիկադների հակառակ կողմերում»,-սկսել է նամակը Սաակաշվիլին:
 
Քաղաքական գործիչը Պորոշենկոյին ևս մեկ անգամ մեղադրել է երկրում բարեփոխումներ չանելու համար՝ ընդգծելով, որ նա խիստ ցածր վարկանիշ ունի շարքային ուկրաինացիների շրջանում:
 
«Նախորդ նամակում ես Ձեզ առաջարկել էի միասին փնտրել առկա կոնֆլիկտի լուծման տարբերակները: Բայց Դուք հրապարակեցիք նամակս, թեև ես դրան դեմ չեմ, քանի որ չեմ գրել այնպիսի բան, ինչը կուզենայի թաքցնել: Բայցևայնպես, Դուք դրանով ցույց տվեցիք, որ պատվից զուրկ մարդ եք»,-շարունակել է նախկին նահանգապետը:
 
Այնուհետ նա կոչ է արել Պորոշենկոյին հրաժարական տալ:
 
«Խոստովանեք Ձեզ և ժողովրդին, Դուք Ձեր աջակիցների հետ ի վիճակի չեք ու ցանկություն չունեք փոխել Ուկրաինան դեպի լավը: Ձեր ինքնակամ հրաժարականն առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու գրեթե վերջին հնարավորությունն է, հակառակ դեպքում այդ ճգնաժամն ավելի է խորանալու»,-գրել է Սաակաշվիլին՝ եզրափակելով, որ սեփական ժողովրդի կամքի առաջ գլուխը խոնարհած ու ինքնակամ պաշտոնից հրաժարված նախագահը կարող է ներման արժանանալու ու պատիժը մեղմելու ակնկալիք ունենալ:
 
Ավելի վաղ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել էր չանհանգստացնել ուկրաինացիներին ամանորյա տոներին և հայտարարել է բողոքի ակցիաների ժամանակավոր դադարեցման մասին: Նա հավելել էր, որ իր ու իր կողմնակիցների յուրաքանչյուր բողոքի ակցիա ուղեկցվում է տարատեսակ սադրանքներով, ըստ նրա՝ նման մի սադրանքի արդյունք են եղել նաև վերջերս Կիևի Հոկտեմբերյան պալատի մոտ տեղի ունեցած դեպքերը:
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ ուկրաինացիների մի խումբ գրոհով վերցրել է Կիևի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատը: Ակտիվիստները կոտրել են մուտքի դուռն ու տապալելով կառույցի ներսում գտնվող ազգային գվարդիայի դիմադրությունը՝ ներխուժել են շենքի տարածք: Իրավապահները կրակմարիչներ են կիրառել ակտիվիստների դեմ: Ցուցարարները պալատից մի քանի գվարդիականի են դուրս բերել՝ ամբողջությամբ կրակմարիչի սպիտակ փրփուրով պատված: