Սամվել Կարապետյանը ձեռնոց է նետում Արթուր Վանեցյանին, Վարդան Սրմաքեշին և…
 
 
 
Հայկական ֆուտբոլում ծավալվող իրադարձությունները բավական հետաքրքիր ընթացք են ստացել։ Սեպտեմբերին տեղի ունենալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից առաջ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության բոլոր 9 հայտարարեցին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։ Մասնավորապես, Վանեցյանին սատարելու պաշտոնական հայտարարությամբ հանդես են եկել «Ալաշկերտը», «Բանանցը», «Փյունիկը», Երևանի «Արարատը», Գյումրիի «Շիրակը», Վանաձորի «Լոռին», Կապանի «Գանձասար-Կապանը», «Արցախը» և «Արարատ-Մոսկվան»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության վերջին նիստից հետո Վանեցյանը չէր թաքցրել ՀՖՖ նախագահ դառնալու մտադրությունը: «Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, երբ այսօրվա ֆուտբոլի մեր ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ իրենք էլ դեմ չեն, որ ես լինեմ ՀՖՖ նախագահ»,- նշել էր ԱԱԾ տնօրենը։
 
9 թիմեր միահամուռ կերպով Վանեցյանի թեկնածությունը պաշտպանելու փաստը ապացույցն է նրա, որ շատ շուտով ունենալու ենք ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ։ Նման աջակցությունը ակումբների կողմից Վանեցյանի համար ամուր հիմք է ֆուտբոլային կառույցն ուշքի բերելու և քայլեր կատարելու ֆուտբոլը զարգացնելու համար։
 
Դեռևս այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ հայկական ֆուտբոլ ցանկանում է մուտք գործել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը։ Ավելին՝ խոսվում էր, որ Կարապետյանը մտադիր է մեր երկրում ակումբ հիմնել և ընդհանուր առմամբ տարեկան 20 միլիոն ԱՄՆ դոլար ներդնել։ Հիշեցնենք, որ Կարապետյանին է պատկանում Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը, որն այս տարի հաղթող ճանաչվեց Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում։
 
Սամվել Կարապետյանից ետ մնալ չէր ցանկանում նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը մտադիր էր հայկական ֆուտբոլ մուտք գործել «Կոտայք» թիմով։ Երկրպագուները սպասում էին, որ Հայաստանի Բարձրագույն խմբում կլինի սուր մրցակցություն երկու, այսպես կոչված, հարուստ թիմերի միջև։
 
Թավշյա հեղափոխությունից հետո Ծառուկյանը կարծես ետ կանգնեց ֆուտբոլային թիմ ունենալու մտքից, և «Կոտայքը» դեռ չստեղծված՝ լուծարվեց։ Թավշյա հեղափոխությունից հետո խոսվում էր նաև, որ Կարապետյանը ևս հնարավոր է հրաժարվի Հայաստանում ֆուտբոլային ակումբ ունենալու մտքից, բայց…
 
Կարապետյանը Մոսկվայի «Արարատը» ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի աջակցությամբ տեղափոխեց Հայաստան, և գալիք մրցաշրջանում Բարձրագույն խմբում ելույթ կունենա «Արարատ-Արմենիա» ակումբը։ Նշենք, որ «Արարատ-Արմենիա» ակումբի անվան հետ կապված իր դժգոհությունն է արտահայտել Երևանի «Արարատը», նույնիսկ հայտարարել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու մտադրության մասին։
 
Երևանի «Արարատի» սեփականատերերից է նաև շվեյցարահայ հայտնի գործարար Վարդան Սրմաքեշը, որը տարիներ շարունակ պայքարել և դիմակայել է Ռուբեն Հայրապետյանի ռեժիմին։ Կարծում ենք՝ բնական է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում Երևանի «Արարատի» և Սրմաքեշի համար սկզբունքային մրցակից է լինելու Սամվել Կարապետյանի թիմը։ Վերջինս, ի դեպ, լրջորեն նախապատրաստվում է Հայաստանի առաջնությանը։
 
Գաղտինք չէ, որ Սամվել Կարապետյանը ջերմ հարաբերությունների մեջ է ՀՀ նախկին իշխանությունների և մասնավորապես Ռուբեն Հայրապետյանի հետ: Ու թեև «Արարատ-Արմենիան» հայտարարել է, որ սատարելու է Վանեցյանի թեկնածությունը կարծում ենք պարզ է, որ Ռուբեն Հայրապետյանի հեռանալը ամենևին էլ Սամվել Կարապետյանի սրտով չէր:
 
Առկա իրավիճակում Սամվել Կարապետյանը «Արարատ-Արմենիա» ակումբով կարծում ենք մտադիր է լուրջ հակակշիռ դառնալ ՀՖՖ-ի նոր ղեկավարությանը:
Ի դեպ, «Արարատ-Արմենիայի» հետ արդեն իսկ պայմանագիր են կնքել մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ, այդ թվում նաև՝ Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ՝ պաշտպան Հրայր Մկոյանն ու կիսապաշտպան Գոռ Մալաքյանը։ Սա խոսում է այն մասին, որ Սամվել Կարապետյանը լուրջ մտադրություններ ունի հայկական ֆուտբոլում և, ըստ էության, ձեռնոց է նետում թե՛ Երևանի «Արարատին», թե՛ Արթուր Վանեցյանին և թե՛ մյուս 8 ակումբներին, որոնք ընդդիմացան Հայրապետյանի ռեժիմին և կանգնեցին ԱԱԾ տնօրենի կողքին։
 
Ուժեղ ակումբը և տպավորիչ ելույթները բնականաբար կմեծացնեն ուշադրությունը թե՛ «Արարատ-Արմենիայի» և թե՛ Կարապետյանի անձի նկատմամբ։ Սպասվող զարգացումները, սակայն, կարող են նաև դրական ազդեցություն ունենալ: «Արարատ-Արմենիան», կարծում ենք, կստիպի Երևանի «Արարատին» և մյուս թիմերին մեծացնել ներդրումները, որպեսզի կարողանան մրցակցել չեմպիոնության համար:
 
Այն, որ Հայաստանի մեկնարկելիք առաջնությունը նախորդների համեմատ գրավիչ ու դիտարժան է լինելու, կարծում ենք՝ պարզ է: Գլխավոր խնդիրը, սակայն, առողջ մրցակցությունն է, որը վերջին առաջնություններում ուղղակի չկար:
 
 
Հեղինակ՝ Դավիթ Ջալալյան
Աղբյուրը՝ 1in.am